Սոս Դավթյան «Հանքաշխարհի լեգենդը»

Նշանավոր տարեդարձ, արգասաբեր տարիներ․․․ Խորհրդային Միության գունավոր մետալուրգիայի համբավաշատ ձեռնարկություններից մեկի՝ 1952 թվականի սկզբներին գործարկված Քաջարանի (Զանգեզուրի) պղնձամոլիբդենային կոմբինատի արդեն 70 տարվա պատմությունը։

Հայաստանի Հանրապետության լեռնահանքային արդյունաբերության անվիճելի առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիատն է՝ արդեն 70–ամյա հանքարդյունաբերական հսկան։  Հաղթահարելով հանքաշխարհի բնակլիմայական ծանր պայմանները՝ ծովի մակերևույթից 2000–2300մետր բարձրության վրա Գանձասարի լեռնագործներն անօրինակ աշխատանքային սխրանքներ են գործում, բնության հետ համառ պայքարի տարեգրությունը և հանքաշխարհի նորօրյա առասպելը կերտում, կյանքի կոչում Արա Գեղեցիկ արքայի, Արտավազդ թագավորի, Քաջ Արայի լեգենդները։ Հրաշալի է ասված՝ Քաջարան՝ քաջերի երկիր․․․

Աշխատանքային փառքի քաղաք լեռնագործների ոստանն աշխարհին ճանաչելի դարձավ համբավաշատ կոմբինատի շնորհիվ։ Քաղաքն ու ձեռնարկությունն ուս ուսի տված հաջողություններով լեցուն փառավոր պատմություն հյուսեցին՝ հաղթանակների դարաշրջան բացելով Հայաստան աշխարհի, Սյունյաց տան համար․․․ Հիմա էլ Գանձասարի ելուստներում լսելի են խորփորման հաստոցների միալար ձայնը, հզոր պայթյունների ահարկու որոտը, հսկա էքսկավատորների ու ապարբարձիչների, բուլդոզերների և գրեյդերների, ավտոբեռնատարների աղմկոտ խմբապարը։

Հանքաշխարհի մարդիկ մեր օրերում էլ հաղթահարելով բազում դժվարություններ՝ վստահորեն առաջ են ընթանում, մեծագույն ավանդ ներդնում Վերին ձորի, Քաջարան բազմաբնակավայր համայնքի, Սյունիքի մարզի, Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական կյանքում։

2022 թվականին լրացավ ձեռնարկության գործարկման 70–ամյակը։ Նշանավոր տարեդարձ, արգասաբեր տարիներ, որոնց ընթացքի ձեռքբերումները, մերօրյա նվաճումները լիովին արդյունք են հանքաշխարհի լեգենդն իրականություն դարձրած Գանձասարի ասպետների՝ տարբեր սերունդների լեռնագործների նվիրական աշխատանքի․․․ Սոս Դավթյան

Սյունիքի մարզային գրադարանի աշխատակազմն իր խորին շնորհակալությունն է հայտնում Քաջարանի մշակույթի պալատի տնօրենությանը՝ գրքի նվիրատվության համար։ Շնորհակալություն գրքի հեղինակին և բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեն գրքի հրատարակման գործում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։