Մեր մասին

Սյունիքի մարզային գրադարանի պատմությունը

Կապանում առաջին գրադարանը հիմնվել է 1934թ-ին՝ նախկին խրճիթ-ընթերցարանի և հավաքովի գրքային ֆոնդի հիման վրա: Նրա առաջին գրադարանավարն է եղել Հերսելյա Սարդարյանը, այնուհետև՝ Հովհաննես Առաքելյանը, Արշավիր Ծատրյանը:
1948-52թթ. Վարդուշ Համբարձումյանը աշխատել է որպես գրադարանի վարիչ: 1952թ-ից Թիվ 1 գրադարանի վարիչ է աշխատել Էմմա Հարությունյանը, գրադարանավար՝ Մարուսյա Դավթյանը: Մ. Դավթյանին հետագայում փոխարինեցին Պայծառիկ Մեժլումյանը, Արծվիկ Ստեփանյանը, Վրաժիկ Բաղդասարյանը: Թիվ 1 գրադարանը գործեց մինչև 1980թ.-ի սկզբները, 1980թ.-ի մարտի մեկից Թիվ 1 գրադարանի հիման վրա ստեղծվեց Գրադարանների կենտրոնացված համակարգը: Թիվ 1 գրադարանը հետագայում անվանվեց ԳԿՀ-ի սպասարկման բաժին: ԳԿՀ-ն ուներ հետևյալ բաժինները՝ սպասարկման, մանկական, մեթոդ-մատենագիտական, գրապահոց, կոմպլեկտավորման և մշակման բաժիններ, իսկ ավելի ուշ՝ արվեստի բաժին: ԳԿՀ-ի տնօրենն էր Մուշեղ Համբարձումյանը, իսկ 1982թ.-ից մինչև 2015թ.-ը՝ Սուսաննա Մինասյանը:
ԳԿՀ-ն ուներ 80 մասնաճյուղ գրադարաններ: ԳԿՀ-ն տարվա ընթացքում 40-45000 միավոր գիրք էր ստանում և բաշխում համակարգի բաժիններին: ԳԿՀ-ի ստեղծման հետ մեկտեղ փոխվեց նաև գրականության դասակարգումը:
1997թ. հունվարի 1-ից Կապանի շրջանային կուլտուրայի բաժնի լուծարման ժամանակ Գրադարանների կենտրոնացված համակարգի կենտրոնական գրադարանը /ԳԿՀ/ վերակազմավորվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարության Սյունիքի մարզի հանրապետական գրադարանի,
Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարի 18.07.02թ. թիվ 289 հրամանի համաձայն Սյունիքի մարզի հանրապետական գրադարանը վերակազմավորվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության  «Սյունիքի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության /ՊՈԱԿ/:
2015թ. –ի սեպտեմբերի 25-ից ՍՄԳ-ի տնօրենն է Լիաննա Գասպարյանը: