Նրանք միշտ անբաժան էին. Մհեր Մկրտչյան և Ազատ Շերենց

Մհեր Մկրտչյանի և Ազատ Շերենցի ընկերությունը սկիզբ է առել հեռավոր 1940-ական թթ-ին, երբ Ֆրունզիկ-Մհերն առաջին անգամ ոտք դրեց Գյումրու թատրոնի դրամատիկական ստուդիա: Առաջիններից մեկը նրան նկատեց Ազատ Շերենցը, ով տարիքով մեծ էր և դերեր էր խաղում վարպետների թատրոնում: Քննությունից անմիջապես հետո Ազատ Շերենցը մոտեցավ երիտասարդ ստուդիականին և առաջարկեց միասին գարեջուր խմել թատրոնի դիմաց գտնվող գարեջրի կրպակում, որի մշտական հաճախորդն էր ինքը: Խմիչքի հետ բարեկամություն չէր անում, չէր սիրում Բաքոսին ընկերակցողներին, սակայն գարեջուր էր խմում առանձնակի վայելքով, այնպես, կարծես մասնակցում էր մի մեծ ծիսակատարության: Ֆ-կի հետ մոտեցավ կրպակին՝ Շերենցը կարգադրեց. «Գուգո՛, մեզ երկու հատ»: Կրպակավար Գուգոն նայեց Շերենցի կողքին կանգնած նիհարակազմ երիտասարդին, նրա դեմքին բազմած փառահեղ քթին, նրա տխուր աչքերին, լցրեց երկու մեծ բաժակ գարեջուր և դրեց վաճառասեղանին: Շերենցը վերցրեց գավաթները, հանդիսավորությամբ գնաց դեպի կողքի նստարանը և հրավիրեց երիտասարդ ընկերոջը: Շերենցը խմում էր կում-կում, հեղուկը պահում էր բերանի մեջ, կարծես զգում էր վայելքը, ապա նոր կուլ տալիս: Ֆրունզիկ-Մհերն էլ սկսեց այդպես խմել՝ շուտով զգալով, որ գլուխը պտտվում է: Նա առավոտվանից ոչինչ չէր կերել, վաղ արթնացել ու շտապել էր քննության՝ զարմացնելով քննական հանձնաժողովի անդամներին: Քննությունից հետո նրան էր մոտեցել նույն ստուդիան ընդունված Վարդուհի Վարդերեսյանն ու ասել.

-Ի՜նչ տաղանդավոր տղա ես դու, Ֆրունզի՛կ: Շերենցը զգաց, թե ինչ կատարվեց Ֆրունզիկի հետ և, մոտենալով կրպակավարին, թիթեղյա ափսեի մեջ դրված մի ձուկ ու մի կտոր հաց բերեց և պարտադրեց ուտել: Հենց այսպես ծնունդ առավ նրանց մեծ ընկերությունը…

Դասերից ու փորձերից հետո Ազատ Շերենցը նստում էր թատրոնի դիմաց դրված նստարանին և սպասում ընկերոջը: Հետո գնում էին Ազգուշի հայտնի հացի խանութը, որտեղ միշտ էլ սիրով էին դիմավորում Շերենցին և Ֆրունզիկին: Այս հացի խանութում երկուսին տաք-տաք մատնաքաշով էին հյուրասիրում, հետո մի հաց փաթաթում և դնում Շերենցի թևատակին, որ տուն տանի: Երբեմն միասին գնում էին Շերենցի տուն, ուր դռների մոտ դիմավորում էր նրա կինը՝ Քնարիկ Երանոսյանը՝ գյումրեցի նշանավոր ազնվականներից մեկի դուստրը, ով քաղաքի առաջին «դասական» երաժիշտներից մեկն էր: Ներկայացումներից հետո ևս հաճախ գալիս էին Շերենցի տուն: Ու Ֆրունզիկը մնում էր այստեղ գիշերելու, որովհետև Քնարիկը միշտ համեղ մրգանուշներով թեյ էր հյուրասիրում: Երբ Մհեր Մկրտչյանը տեղափոխվեց Երևան, ընդունվեց Սունդուկյանի անվան թատրոն և Թատերական ինստիտուտ, Շերենցն իրեն մենակ ու լքված զգաց: Գիտեր, որ իր ընկերը լավ չի ապրում, որ հանրակացարանում երբեմն քուն է մտնում քաղցած…

Սիրտը մղկտում էր, գլուխն առնում էր ափերի մեջ ու մտածում, թե ինչպես օգնի ընկերոջը: Ու երբեմն-երբեմն Քնարիկը մեծ պայուսակի մեջ շարում էր մրգանուշներ, տաք հաց, թխվածք ու Շերենցի հետ ճանապարհում Երևան: Մհեր Մկրտչյանը պատմում էր, որ երբեմն դուրս էր գալիս ինստիտուտից, տեսնում էր հնամաշ ճամպրուկով Շերենցին, ով խեղճ-խեղճ հայացքով նայում էր իրեն, ապա գրկում, համբուրում…

Շուտով Մհերը նշանավոր անուն դարձավ, սկսեց նկարահանվել ոչ միայն հայկական, այլև ռուսական ֆիլմերում, ստացավ այն ժամանակների համար անհավանական հոնորարներ: Հիմա արդեն հերթն իրենն էր՝ ընկերոջն օգնելու: Շերենցն ու կինը լավ էին վաստակում, սակայն Ֆրուզիկ-Մհերը հաճախ գնում էր Լենինական, իր հետ տանում այն ամենն ինչը չկար այնտեղ… Նստում էին Շերենցի տան հյուրասենյակում և մինչև լույս զրուցում՝ երբեմն էլ նիրհելով թախտին…

1960-ականների վերջերին Քնարիկ Երանոսյանը հրավեր ստացավ Թաթուլ Ալթունյանից՝ աշխատելու Հայաստանի երգչախմբային ընկերությունում: Տեղափոխվեցին Երևան: Ֆրունզիկ-Մհերի ուրախությանը չափ ու սահման չկար. Շերենցը հիմա ամեն օր իր հետ է, իր կողքին: Սակայն նա ցավ էր ապրում՝ տեսնելով, թե ինչպես էր հալումաշ լինում ընկերն առանց թատրոնի: Երևանում թատրոնները քիչ էին. Սունդուկյանի անվան թատրոնում Աճեմյանը հրաժարվեց ընդունել Շերենցին՝ վախենալով, որ հերթական անգամ իրեն կմեղադրեն Ակադեմիական թատրոնը գյումրեցիներով «լցնելու» մեջ:

Զավեն Տատինցյանը Ազատ Շերենցին առաջարկեց աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնում, սակայն նա մերժեց՝ մտքում փայփայելով Սունդուկյանի թատրոն գնալու երազանքը: 1969թ-ին սկսվեցին «Չախ-չախ թագավորը» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Սովորական մի օր Ազատ Շերենցը Մհեր Մկրտչյանի, Լևոն Ներսիսյանի, Հովհաննես Շիրազի, Վաղինակ Մարգունու, Նշան Մուրադյանի և Հովհաննես Ավագյանի հետ նստած էր Երևան Հյուրանոցի նշանավոր բացօթյա սրճարանում: Մոտեցավ կինոբեմադրիչ Էռնեստ Մարտիրոսյանն, ով պիտի սկսեր «Չախ-չախ թագավորի» նկարահանման աշխատանքները: Երկար նայեց Ազատ Շերենցին, ապա Մհեր Մկրտչյանին հարցրեց, թե ո՞վ է այդ ինքնատիպ արտաքինով, հսկայի նման մարդը: Մհերը, հասկանալով Էռնեստի հարցի իմաստը, ասաց.

-Կարող ես հրավիրել քեզ մոտ նկարահանվելու, մաքրամաքուր դերասան է, անկեղծ, անխառն… Շերենցի տեսակը մեր կինոյում չկա:

Մի քանի օրից Շերենցը հաստատվեց Ջրաղացպան թագավորի դերում…

Տարիներ անց Մհեր Մկրտչյանի նախաձեռնությամբ Ազատ Շերենցը նկարահանվեց «Մենք ենք մեր սարերը»  ֆիլմում՝ ստեղծելով հայկական կինոյի  պատմության ամենանշանավոր կերպարներից մեկը: Հրանտ Մաթևոսյանն այնքան էլ գոհ չէր ֆիլմից, սակայն մշտապես բարձր գնահատելով դերասանական համախաղը՝ առանձնացնում էր Ազատ Շերենցին: Երևանում ևս Մհերն ու Շերենցն անբաժան էին: Մի անգամ Շերենցը բողոքում է, որ տեսողություը վատացել է, ակնոցը փոխելու անհրաժեշտություն կա: Մհերը նրան տանում է բժշկի մոտ: Մի քանի ակնոց է փորձում Շերենցը, սակայն դրանցից ոչ մեկն իրեն հարմար չի լինում: Մհերը վերցնում է Շերենցի հին ակնոցը, մաքրում, ապա տալիս ընկերոջը:

-Ա՛յ, շատ ապրես, Ֆրու՛նզ ջան,էս ակնոցն ամենալավն է,-ուրախացած ասում է Շերենցը:

-Շերե՛նց, ժամը քանի՞սն է,-մի օր հացրել է Մհեր Մկրտչյանը:

-Հիմա՞,-հարցին հարցով պատասխանել է Ազատ Շերենցը:

Նյութի աղբյուրը՝ «Ավանգարդ» թերթ, 2012թ, 20 հունվարի

Լևոն Մութաֆյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։