«Ազգային գրադարանային շաբաթ»-2023
Ապրիլի 17-ին Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում տրվեց Ազգային գրադարանային շաբաթի մեկնարկը։ Բացման խոսքով հանդես եկավ ՍՄԳ-ի տնօրեն Լիաննա Գասպարյանը։ Նա ողջունելով ներկաներին, նշեց, որ 2012 թվականից անցկացվող Ազգային գրադարանային շաբաթը լուրջ առաքելություն ունի՝ կարևորել գրադարանի, գրքի, ընթերցանության դերը հանրության կյանքում:
Գրադարանային շաբաթվա այս տարվա խորագիրը՝ «Գրադարանը՝ կրթության բաց հարթակ» լավագույնս արտացոլում է այն համագործակցությունը, որ գրադարանը հաստատել է տարբեր ուսումնական հաստատությունների և ընդհանրապես հասարակության լայն խավերի հետ:
Միջոցառումը կրում էր «Ես ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ» խորագիրը՝ նվիրված Վիլյամ Սարոյանի ծննդյան 115-ամյակին: Հավուր պատշաճի ներկայացվեց Սարոյան մարդու և Սարոյան արձակագրի կյանքն ու գործունեությունը, որի հիմքում նրա խոստովանանքն է. «Թեև գրում եմ հայերեն, և ծնունդով ամերիկացի եմ, ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ անգլերենն է, միջավայրը, որը ներկայացնում եմ ամերիկյան է, ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է, ուրեմն ես ինձ համարում եմ հայ գրող և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:
Միջոցառմանը մասնակցում էին Կապանի արվեստի մանկական դպրոցի պարարվեստի բաժնի սաները (պարուսույց՝ Թամարա Ստեփանյան), ովքեր հանդես եկան ժողովրդական պարով: Իսկ Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի խմբակի սաները ներկայացրին Սարոյանի «Վարսավիրը», «Բիթլիսը», «Սիրային բանաստեղծություններ այլևայլ բաներով» պատմվածքների մոտիվներով բեմադրությունը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Գաբրիելյան, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի դերասան):
Միջոցառմանը ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ, գրադարանավարներ և այլք։ Դպրոցականների անմիջական խաղը դուր եկավ ներկաներին, ովքեր փոքրիկ դերասաններին վարձահատույց եղան ջերմ ծափերով և գովեստի խոսքերով:
Ցերեկույթն ավարտվեց Վ․Սարոյանի պատգամով՝ «Ուր որ կերթաս՝ պոռա Հայաստան»։