Գուստավ Յանոուխ «Զրույցներ Կաֆկայի հետ»

*Մտավոր աշխատանքը մարդուն պոկում է մարդկանց համայնքից: Արհեստը, ընդհակառակը, նրան տանում է դեպի մարդիկ:

*Դուք չգիտեք, թե լռության մեջ որքան ուժ կա թաքնված: Ագրեսիան սոսկ տեսողական պատրանք է, շեղող հնարք, որով սովորաբար միայն ցանկանում ես աշխարհից թաքցնել սեփական թուլությունդ… Իսկական հաստատուն ուժը հանդուրժելու մեջ է: Միայն թուլակամն է անհամբեր ու կոպիտ: Դրանով նա իր ողջ մարդկային արժեքը կորցնում է:

*Աղոթքը և արվեստը տառապյալ կամքի գործողություններ են: Մարդը կամենում է անցնել ու բարձրանալ կամքի առկա բնականոն հնարավորությունների սահմանները: Արվեստը, աղոթքի նման, մթության մեջ պարզված ձեռք է, որը ցանկանում է շնորհից ինչ–որ բան որսալ՝ շնորհատու ձեռքի վերածվելու համար: Աղոթել նշանակում է ինքն իրեն նետել վոլտյան աղեղի բռնկման ճանապարհին, ամբողջովին բացվել նրա մեջ, որ նրա անչափելի լույսն ուղղորդի դեպի իր սեփական գոյության փոքրիկ, փխրուն օրորոցը:

*Մարդը չի հասունանում ներքևից վերև, այլ ներսից դեպի դուրս: Դա կենսական բոլոր ազատությունների հիմնական պայմանն է: Այն արհեստականորեն ստեղծված կլիմա չէ հանրության համար, այլ մշտական կռվով ձեռք բերած կեցվածք, որը ինքդ ես մղում քո և աշխարհի դեմ: Մի պայման, որի շնորհիվ է մարդն ազատ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։