XXI վեպեր և պատմվածքներ

Մարգարիտ Դերանց – «Սեր լուսնեզրին»

Մարգարիտ Դերանցի «Սեր լուսնեզրին» վեպը քառասնամյա գրող կնոջ կյանքն է՝ Խորհրդային Միության քայքայման և դրա հետևանքով աշխարհում տեղի ունեցող շրջադարձային կտրուկ փոփոխությունների համապատկերում: Այն բազմաշերտ հոգեբանական վեպ է՝ կնոջ և տղամարդու սիրային հարաբերությունների, գրականության, լքվածության, ժամանակակից մարդու անհուսության, օտարացման մասին:

Հրաչ Բեգլարյան – «Խեղված ողնաշարը երկրի»

«Խեղված ողնաշարը երկրի» վեպը 44-օրյա պատերազմի գեղարվեստական ընդհանրացումն է՝ ներառելով նաև այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան մեր կյանքում վերջին մեկ- երկու տարիներին: Մեկ հերոսի կենսագրությունը, ըստ էության, դառնում է ընդհանրական կենսագրություն՝ բացապարզելով այն բոլոր հոգեկան տվայտանքները և հոգեբանական ապրումները, որ վիճակվեց գրեթե բոլորիս:

Աղավնի Գրիգորյան – «Դաշնամուր»

Աղավնի Գրիգորյանի «Դաշնամուր» պատմվածքների ժողովածուի մեղեդին սահում է կյանքի տարբեր՝ շոշափելի կամ երևակայական ստեղների վրայով, ընթերցողին լսելի է դարձնում մանկության քաղցրությամբ և արտագաղթի ցավով, երբեմն էլ՝ զուգահեռ աշխարհների հմայանքով թրթռացող ելևէջները:

Մհեր Իսրայելյան – «Մեն ու միակ մոլորակ»

Մհեր Իսրայելյանի <<Մեն ու միակ մոլորակ>> ժողովածուի պատմվածքները մարդու մասին են։ Պարզապես մարդու, որ ծնվում է ու մեռնում, որ ծիծաղում է և լաց լինում, որ ճաշակում է պատերազմի դառնահամն ու ըմբոշխնում խաղաղության բերկրանքը։ Հայաստանը սիրո կարոտ մեր փոքր հայրենիքն է, Երկիր մոլորակը՝ մեծ հայրենիքը։ Մարդկությանը միավորում է խաղաղ ու իմաստալից ապրելու երազանքը՝ այն մեն ու միակի վրա, որ պտտվում և դեռ երկար շարունակելու է պտտվել։

Ջեսահ  — «Անանկենդան»

Մեծ քաղաք, նոր բարքեր, նոր ու այդպես էլ չհարազատացող մարդիկ: Մեծ քաղաքն ուրիշ ռիթմ ունի, մեծ քաղաքն իր տեմպն է թելադրում, և ինչքան դժվար է փոքր քաղաքում աննկատ մնալ, նույնքան դժվար է մեծ քաղաքում հայտնի լինել: Գլխավոր կերպարը անցնում է օտար քաղաքի պատրաստած փորձության միջով. մի վայրկյանում արձակած դատավճիռը խաչ է քաշում բոլոր երազանքների վրա: Պայքար, որ դառնում է գերագույն նպատակ, պայքար, որ փոխում է կերպարի էությունը, և պայքար, որ բացահայտված ստի արդյունքում վերածվում է դեպրեսիայի, ապագան դիմավորելու արդարացման փնտրտուքի: Կերպարն անցնում է այս ամենի միջով ու դառնում, ըստ էության, նոր մարդ`անանկենդան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով