Սերո Խանզադյանը քայլող պատմություն է: Մեր ժողովրդի քայլող պատմությունը:

Հայ գեղարվեստական արձակի արժանավորագույն դեմքերից մեկի՝ Սերո Խանզադյանի ծննդյան 106-ամյակն է այսօր: Գրող, ով բարձրադիր ու մնայուն տեղ նվաճեց հայ գրականության մեջ՝ գրողի, մտավորականի ու ազգային գործչի ամբողջական վաստակով:

Խանզադյանը շատ բան է տվել երկրին, ժողովրդին ոչ միայն իբրեւ գրող, այլեւ քաղաքացի՝ օժտված քաղաքացիական բարձր գիտակցությամբ ու պայքարի ջիղով: Հատկանիշներ, որոնք խարսխված են մարդկայնության, բարոյականության անխախտելի հիմքի վրա:

Սերո Խանզադյանը ծնվել է 1915 թվականին դեկտեմբերի 3-ին Գորիսում։ 1934 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը, 1934_1941 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ։ Աշխատել է Գորիսի շրջանի Տաթև և խնածախ գյուղերում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին (1941-1945): 1941 թվականին հունիսին Խանզադյանը կամավոր մեկնել է կարմիր բանակ։ Պատերազմի սկզբից գրողը մարտնչել է Վոլխովյան, Լենիգրադյան ռազմաճակատներում, շարքայինից հասել է կապիտանի կոչմանը։

Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961թ.) պատմավեպը։ Շարունակելով հայ պատմավիպագրության ավանդները՝ գրողը արդիականության տեսանկյունից է դիտել հայ ժողովրդի պատմություն հերոսական էջերից մեկը։

XVIII դ. ժողովուրդը ոտքի է ելել՝ վերականգնելու իր կորսված ինքնուրույնությունը։ Ժողովրդական այս հուժկու ընդվզումների ու պայքարի հենքի վրա վեպում բարձրանում են զորավարներ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կերպարները՝ իբրև ժողովրդի իղձերի արտահայտիչներ։

Խանզադյանը պատմվածքից պատմվածք, գրքից գիրք ամբողջացնում է իր ժամանակակցի կերպարը, բացահայտում նրա ներաշխարհը։ Այդպիսին են նրա «Կորած արահետներ» (1964թ.), «Քաջարան» (1965թ.), «Այրված տունը» (1965թ.), «Մատյան եղելությանց» (1966թ.), «Անձրևից հետո» (1969թ.), «Ինչո՞ւ, ինչո՞ւ» (1970թ.), «Երեք տարի, 291 օր» (1972թ.), «Սևանի լուսաբացը» (1974թ.), «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976թ.) գործերի հերոսները։

Սրանցից առանձնանում են «Քաջարան», «Մատյան եղելությանց», «Ծարավել եմ, ջուր բերեք» («Անձրևից հետո» ժողովածուում) և «Խոսեք, Հայաստանի լեռներ» ստեղծագործությունները։ Առաջինը պատկերում է Հայաստանի լեռնագործ բանվորի առօրյան, անհատի հոգևոր ծնունդը կոլեկտիվում։ Երկրորդը հողի աշխատավորի, աշխարհի ու մարդկանց մասին մտորումներ է։

 Երրորդը յուրահատուկ մի ասք է մարդ-աշխատավորի, մարդ-զինվորի, մարդ-հայրենասերի մասին։ Այն հայ ժողովրդի մոտիկ անցյալի ողբերգական ճակատագրի գեղարվեստական վերարտադրությունն է։ Թուրք իշխանությունները իրականացնում էին ցեղասպանության իրենց ծրագիրը՝ կոտորելով Արևմտյան Հայաստանի բնիկ, խաղաղ ու անզեն բնակչությանը։

Այս մղձավանջի մեջ գրողի ասելիքը հստակ է, նպատակը՝ պարզ՝ ժողովրդի աննկուն ոգու վերակենդանացումը։ Խանզադյանի լավագույն գործերից է «Թագուհին հայոց» վեպը (1978թ.), որում գրողը տվել է հայ ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագիրը։

Խանզադյանը հեղինակ է նաև հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասիրությունների։ Նրա շատ երկեր թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ «Այրված տունը» (1974թ., «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»-ը (1978թ.) էկրանավորել են «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաները։

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի, Կարմիր աստղի, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր է (1977թ.)։ Մահացել է 1998թ.-ին Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով