Մարգարետ Միտչել «Քամուց քշվածները»

Վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ և դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը և փորձի գտնել իր երջանկությունը։ Սա Մոխրոտիկի պատմությունն է՝ հակառակ շարադրանքով. հարուստ և անհոգ գեղեցկուհին աղքատության ու սովի է մատնվում։ Վեպն անհոգ աղջկա դժվարին հասունացման մասին է։

Բոլոր ժամանակներում աշխարհում ամենաշատ ընթերցվող գիրքը, ամենառոմանտիկ սիրային դրաման, գրական անկրկնելի ստեղծագործությունը Newmag-ն առաջին անգամ թարգմանել է հայերեն։ Համաշխարհային գրախոսականներն այն համարում էին Տոլստոյի «Պատերազմ ու խաղաղության» գործին համարժեք և նշմարում էին դիկենսյան ձեռագիր։ Մինչև հիմա էլ «Քամուց քշվածները» ամերիկացիների ամենասիրելի վեպն է, 2008 թվականի հարցմամբ՝ զիջում է միայն Աստվածաշնչին։

Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» էպիկական վեպ է, Միտչելն այն գրել է՝ ներշնչվելով տատի՝ Էնի Ֆիցջերալդի 1861-1865 թվականներին Քաղաքացիական պատերազմի մասին հուշերից։ Գլխավոր հերոսուհու նախատիպը մայրն է, որը պայքարում էր կանանց իրավունքների համար։ Սիրային դժվարություններն էլ նկարագրել է հենց իր անձնական փորձից։

Վեպում գլխավոր հերոսի կյանքի 12 տարիներն են՝ սկզբում Սկարլետը 16 տարեկան է, իսկ գիրքն ավարտվում է, երբ նա արդեն 28 է։ Այդ պատճառով շատ հաճախ «Քամուց քշվածներն» անվանում են դաստիարակչական, կամ հասունացման վեպ։

Գրքում շատ են թևավոր մտքերը, որոնք արդիական են բոլոր ժամանակների համար։ Օրինակ՝ «Ես դրա մասին այսօր չեմ մտածի. կմտածեմ վաղը», կամ՝  «Ինչո՞ւ  գլուխդ  ծանրաբեռնես  նրանով, ինչն արդեն չես վերադարձնի:Պետք է մտածել այն մասին, թե ինչ է դեռ հնարավոր փոխել…»։

Միտչելը 1937 թվականին գրքի համար ստացել է Պուլիցերյան մրցանակ ։ Գրքի հիման վրա 1939 թվականին նկարահանվել է ֆիլմ։ Քամուց քշվածները վեպը Միտչելի միակ աշխատանքն է, որ տպագրվել է իր կենդանության օրոք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։