Մեր ժամանակների հանճարեղ մաեստրո՝ Տիգրան Մանսուրյան

ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է .

Ես ծնվել եմ Բեյրութում, Հայաստան գալն ինձ համար ճակատագրական էր։

Ես չեմ պատկերացնում իմ երաժիշտ լինելն առանց Հայաստանի: Իհարկե, կան արվեստագետներ՝ Գառզուն, Ժանսեմը, Ազնավուրը, ովքեր կայացել են արտասահմանում, բայց չեմ կարծում, որ իմ պարագայում այդպես կլիներ: Այդ տարիներին հեշտ չէր ինտեգրվել Հայաստանում, բայց ես շնորհակալ եմ դժվարությունների, ուրախությունների, կորուստների համար։

Մարդը պետք է չարչարանք էլ տեսնի: Այդ ամենն Աստծու տվածն են:

Հորս երազանքն էր, որ երաժիշտ դառնամ:

Ես երաժշտություն չեմ սովորել, երաժշտական դպրոց չեմ հաճախել, ինքս եմ սովորել նվագել. մեկը չկար, որ երաժշտության հետ կապված մի բան հարցնեի:

Երիտասարդ տարիներիս այսքան խաղաղ չէի, սակայն իմ մեջ միշտ հանդարտություն է եղել։ Ես չգիտեմ՝ դա որտեղից է գալիս, դա իմ էությունն է։

Հավանաբար դա ծնողներիցս եմ ժառանգել։ Մայրս տանել չէր կարողանում բարձր ձայն։ Քույրս մայրիկիս հրավիրել էր իր մասնակցությամբ «Անուշ» Օպերային։

Այն տեսարանում, երբ քույրս Անուշի դերում պիտի գետը նետվեր, ճիչ կար։ Այդ ճիչից մայրս այնպես էր բարկացել… սա բնություն է։

… Ես հիմա միայնակ եմ ապրում: Իմ կինը, որի հետ ընկերություն ենք արել 47 տարի, արդեն 11 տարի է՝ ինձ հետ չէ:

Մենք միասին ենք Կոնսերվատորիա ընդունվել, միասին ավարտել, ինքը՝ կարմիր դիպլոմով, ես՝ կապույտ:

Նա շատ հասուն երաժշտագետ էր և կարող էր օգտակար լինել տարբեր ասպարեզներում, օրինակ՝ գրախոսություններ գրել, բայց կարծում էր, որ ոչ մի հոդված իրավունք չունի գրելու. կարծում էր՝ ինչ էլ գրի, ասելու են, թե իմ կարծիքն է, և երբևէ չփորձեց մանկավարժության ոլորտից դուրս գալ։

Լավ կյանք ապրեցինք միասին: Շատ էր ցանկանում, որ մի ստեղծագործություն նվիրեմ իրեն, և երբ արդեն գիտեի, որ ծանր հիվանդ է, Չարենցի տասը բանաստեղծություններով «Արվեստ քերթության» շարքն էի վերջացնում։

Ասացի՝ ուզում եմ քեզ նվիրել, կցանկանա՞ս, ասաց՝ իհարկե, չէ՞ որ երբ մենք երիտասարդ տարիներին այգի էինք գնում, միշտ ձեռքի տակ Չարենց ունեինք։ Ես դա չէի հիշում, բայց շատ տպավորվեցի։

Ընկերություն էի անում Սոս Սարգսյանի, Պարույր Սևակի, Հրանտ Մաթևոսյանի, Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի հետ։

Աստվա՛ծ իմ, ի՜նչ ընկերություն էր…

Սևակը շատ կռվարար էր, «պայթուցիկ», բայց և մեծ եղբոր պես էր:

Իսկ Սարյանի հետ ավելի շատ պապ ու թոռան հարաբերություններ էին, քան ընկերական:

Այդ ընկերությունը շատ բովանդակալից ու լեցուն էր: Եթե երիտասարդ տարիքում աչքի էիր ընկնում, անմիջապես արվեստագետների ընտանիք էիր մտնում:

Հիմա ես մի տեսակ փակ եմ ապրում, բայց ունեմ շատ լավ ընկերներ. դրանք գրքերն ու ձայնապնակներն են։

Կան երիտասարդներ, որոնց շատ եմ սիրում, հաճախ լսում եմ նրանց գործերը և ընկերություն անում նրանց հետ։ Եթե նույնիսկ ինչ-որ հարցերում համաձայն չեմ լինում, աշխատում եմ չասել։

Մարդ ինքը պետք է հասնի ինչ-որ բանի։ Պիկասոն լրագրողներին ասում էր՝ դուք եթե որևէ բան պետք է անեք, դա ինձ գովելն է, որովհետև նկարը, միևնույն է, ես եմ ստեղծելու, ոչ թե դուք։

Աղոթել երաժշտությամբ՝ նշանակում է լինել ինքդ քո մեջ։ Ես Արթիկում եմ մեծացել: Իմ հին օրերի երգերը Շիրակի դաշտի երգերն են:

Բացի թուրքական երգերից բոլոր ժողովուրդների երգերը սիրում եմ: Թուրքերենը վիրավորում է ականջս: Ինձ համար սրբության պես թանկ է Կոմիտասը:

Նա այնտեղ է, որտեղ բանահյուսությունն է, հոգևոր երաժշտությունը, պարերը… Երգեր կան, որոնց մեջ այնքա՜ն լույս կա:

«Մենք մեր զգացումներն արտահայտել ենք հայերենով, արտահայտել ենք այնպիսի երաժշտական մտածողությամբ, որը համապատասխանում է հայերենին:

Ամեն լեզու ոչ միայն հնչյունաբանություն է, այլև աշխարհընկալման համակարգ: Թումանյանի Գիքորը հարցնում՝ ինչպե՞ս է իրենց Ծաղիկ կովը: Ամեն հայի համար սա Թումանյանի Գիքորի Ծաղիկ կովն է, անթարգմանելի՞, թե՞ թարգմանելի, բայց մեծապես հարազատ»:

2 thoughts on “Մեր ժամանակների հանճարեղ մաեստրո՝ Տիգրան Մանսուրյան

  • 22.06.2023 at 11:06
    Permalink

    Your post has got me thinking. I didn’t thought of things in that way. The author have broadened our perspective. Thank you.

    Reply

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։