Սուրեն Այվազյան «Խնձորեսկ»

1982թ.՝ Ս.Այվազյանի մահվանից մեկ տարի անց, տպագրվեց «Խնձորեսկ» վեպի առաջին հատորը։ Անավարտ մնացած վեպի գաղափարը հեղինակը վաղուց էր հղացել։ Տարիներ շարունակ գրողը նյութեր էր հավաքում իր նոր վեպի համար։ Ուսումնասիրում էր գյուղի հազարամյա պատմությունը, գրի առնում զրույցներ, ավանդապատումներ, գյուղի նշանավոր մարդկանց մասին պատմություններ։ Իր իսկ խոստովանությամբ՝«Խնձորեսկը» պիտի լիներ «իր կյանքի» գիրքը, ստեղծագործական երկարատև որոնումների հանրագումարը, երախտիքի, որդիական անկաշառ սիրո համեստ արտահայտությունը ծննդավայրի ու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մանկուց իր հետ են եղել ու անմոռանալի հիշողություններ թողել իր կենսագրության մեջ։ «Խնձորեսկը» մի շարք նկատառումներով կարելի է նաև պատմավեպ համարել, որովհետև հեղինակը «մացառների մեջ կորած արահետով» տանում է «տասը դար ապրած» իր ծննդավայրի պատմության խորքերը։ Հին Խնձորեսկի յուրաքանչյուր ժայռ ու քար պատմության լուռ վկաներն են ու հայրենակիցների արյունով են ցողված, մացառներով պատված յուրաքանչյուր շիրմաքարի տակ սուրբ մասունքներ են թաղված։
«Խնձորեսկը», սակայն, դարասկզբի իրադարձությունները ներկայացնող կենսագրական-հոգեբանական վեպ է այն առումով, որ հեղինակը ոչ թե պատմական դեպքեր, իրադարձություններ ու դեմքեր է ներկայացնում, այլ փորձում է բացահայտել գենետիկական այն ազդակները, որ փոխանցվել են սերնդեսերունդ, ձևավորել բնավորության գծեր, սովորություններ ու ավանդույթներ, որ բնորոշ են հին ու նոր խնձորեսկցիներին։
Մի ուրույն աշխարհ է ներկայացնում Ս.Այվազյանն իր վեպերով, որոնց մեջ նա ավետում է լույսի, բարության և արդար կյանքով ապրելու խորհուրդը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։