Զանգեզուր… Ինչպե՞ս է ծագել տեղանունը

***Երբ Լենկ-Թեմուրը գալիս է հասնում է Արաքսի ափը, դեռ գետը չանցած, նրան ներկայանում է Մեհրի անունով մի իշխան և ասում.– Լենկ-Թեմուրն ապրած կենա, եկել եմ քեզ ծառայեմ: Թեմուրի հարցին, թե` ինչո՞վ նա կարող է ծառայել իրեն, իշխանը պատասխանում է.– Քանի Խոտ գյուղի գլխին գտնվող վանքի մեծ զանգը կա, դու չես կարող գրավել այս երկիրը, թշնամուն հեռվից տեսնելուն պես, տալիս են այդ զանգը և ժողովրդին հանում նրա դեմ: Լենկ-Թեմուրը մի քիչ մտածելուց հետո, ասում է. – Գնա՛ էդ զանգը վառի, փչացրու, ես քեզ շատ ոսկի ու իշխանություն կտամ: Դավաճանը գնում է, իր նման մի քանի ուրիշների հետ գիշերով զանգի տակ կրակ են վառում և կտրում նրա ձայնը: Լենկ-Թեմուրը զորքով անցնում է Արաքսը: Իմանալով այդ մասին, վանահայրը կանչում է զանգահարին և կարգադրում շտապ զանգը տալ: Զանգահարը ինչքան փորձում է զանգը ձայն չի հանում: Վազում է վանահոր մոտ և ասում. – Ամեն բան զուր է, զանգը ձայն չի տալիս…: Լենկ-Թեմուրը գիշերով գալիս գրավում է ամբողջ երկիրը: Գյուղերում մարդիկ զարմանքով հարցնում են իրար. – Բա ինչո՞ւ զանգը չտվին: Ոմանք էլ պատասխանում են. – Զանգը զո՜ւր է, զանգը զո՜ւր է…: Դրանից հետո գավառի անունը մնում է Զանգեզուր:

***Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ մեկ-երկու եկեղեցի: Առավոտնեռը, որ զանգերը տվել են, ձորը լցվել է նրանց ձայնով: Լսողներն ասել են. Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է: Դրանից հետո գավառի անունը դրել են Զանգեձոր, որը բերանից-բերան դարձել է Զանգեզուր:

***Տաթևի վանքը կառուցելուց հետո, զանգակատանը մի մեծ զանգ են կախել: Սրա ձայնն այնքան ուժեղ է եղել, որ երբ ղողանջել է, լսվել է ամբողջ գավառի լեռներում ու ձորերում: Ժողովուրդն ասել է. – Էս ի՜նչ զոռ զանգ է, զանգը զո՛ռ է, որից և առաջ է եկել Զանգըզոռ կամ Զանգեզուր անունը:

***

Նոր Գորիսի մոտ գտնվող վանքում ժամանակին եղել է մի շատ մեծ զանգ: Երբ տվել են այդ զանգը, ձայնը լսվել է հեռուներում: Ժողովուրդն ասել է.

– Զանգը զորավո՛ր ա, զանգը զո՛ռ ա։

Դրանից էլ առաջ է եկել Զանգեզուր անունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։