«Ճանապարհ դեպի անսահմանություն» Եվրոպական ժառանգության օրեր–2023
Սյունիքի մարզային գրադարանի նախաձեռնությամբ, «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում, օգոստոսի 25-ին Կապանի ժամանակակից արվեստի թանգարանի սրահներից մեկում բացվեց Սանկտ Պետերբուրգում ստեղծագործող, Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամներ Արմեն և Օլգա Ֆրիդման-Գասպարյանների՝ «Ճանապարհ դեպի անսահմանություն» խորագրով ցուցահանդեսը:
Արմեն Գասպարյանը ծնվել է Կապանում, 1986թ.-ից ապրում և ստեղծագործում է Սանկտ Պետերբուրգում: Ավարտել է Գերցենի անվան պետական համալսարանի գեղարվեստի բաժինը: Իր ստեղծագործություններում դասական արվեստի ավանդույթները համադրում է պլաստիկ ձևերի հետ՝ գտնելով թեմայի մատուցման ինքնատիպ ձևեր:
Գեղանկարչուհի, քանդակագործ Օլգա Ֆրիդման-Գասպարյանը իր ստեղծագործության ոճն անվանում է կախարդական սիմվոլիզմ, որն արտացոլում է կերպարվեստի, քանդակագործության և գրաֆիկայի մեջ: Նրա աշխատանքները սրբապատկերներ են հիշեցնում:
Ի դեպ, Արմեն Գասպարյանը Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում ավելի վաղ կապանցի արվեստասերին ներկայացել էր Դանթեի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության մոտիվներով արված նկարներով: Այս անգամ արվեստագետ ամուսինների 20 ստեղծագործություն էր ներկայացվել ցուցադրանքում, ինչը միայն որոշակի պատկերացում կարող էր տալ նրանց ստեղծագործական նախասիրությունների մասին:
Ցուցահանդեսին ներկա էին արվեստագետներ, մտավորականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստասեր հասարակությունը։ Միջոցառումը վարում էր գրադարանի ՍՄԳ-ի աշխատակից Ռուզաննա Մեսրոպյանը։