Սերգեյ Ջհանգիրյան «Կապանի ձեռագրերն ու գրչօջախները»
Կապանը՝ որպես գրչօջախ, առաջին անգամ ներկայացվում է սույն գրքում։ Աշխատությունը նվիրված է Սյունիքի միջնադարյան գրչության կյանքում յուրահատուկ դեր ու արժեք ունեցող գրչօջախներին և հիշատակարաններին։ Կապանում գրի առնված հայերեն հիշատակարանների յուրահատկությունը, մատենագրական և գեղարվեստական արժեքը քննվում են բնակավայրերի պատմական, տեղադրական, ժողովրդագրական, տեղանվանական հարցերի զուգորդությամբ։ Ձեռագիր հիշատակարանների, արխիվային, մատենագրական, ժողովրդագրական և այլ նյութերի համակցմամբ նկարագրվում են միջնադարյան Սյունիքի կապանյան գրչօջախները։ Գիրքը նախատեսված է հայագիտությամբ զբաղվող և ընդհանրապես հայրենագիտությամբ հետաքրքրված անձանց համար։
«Կապանի ձեռագրերն ու գրչօջախները» գիրքը հեղինակի երկրորդ աշխատությունն է:
Աշխատանքը լրացնում է հայկական գրչօջախների պատմության սյունիքյան մասը։ Հայկական միջնադարի գրչաշխարհում լայն տարածում ունեցած հիշատակարանագրության կապանյան հատվածը երբևէ ուսումնասիրության չի արժանացել, և հենց այս բացն է լրացվում՝ ոչ միայն ձեռագիր հիշատակարանների ու գրչօջախների բացահայտման ու արժևորման, այլև միջնադարյան Սյունիքի գիտակրթական ծաղկուն կյանքի փաստագրման նպատակով։
Իսկ հայագիտությանը և այն կրող սերունդներին ի՛նչ է տալու հայոց պատմաքաղաքական վայրիվերումների, Սյունիքին և Արցախին պատուհասած օտարաշունչ օրերում արարված «Կապանի ձեռագրերն ու գրչօջախները» գիրքը։ Տարածաշրջանի՝ Սյունիքի և Փոքր Սյունիքի (Արցախի) հայկականությունը երկբայելի չէ․ սա է գրքի գաղափարական ուղեծիրը, որն ընդգծվում է աշխատության ձեռագրական հիշատակարաններում և նրանց մեկնաբանություններում, գրչակենտրոնների երբեմնի կյանքի և գոյության նկարագրություններում։ Այո՛, միջնադարյան Սյունիքում կրթության լույսը, պետականություն ունենալու հույսը փայփայվել է գրչօջախներում և նրանց ջահակիր մշակների անսասան հավատքում։ Անցել են ժամանակներ, ազգայինի ուրացությունն էլ անժամանակ ահագնացել է, սակայն դեռ թարմ են խունացած մագաղաթների «հիշեցնելու և հիշվելու» աղերսանքները․ պահպանվել են հայահունչ բառն ու զարդը, խոհն ու աղոթքը․ այս ամենի վերհանումը արխիվային միջավայրից, դրա գիտական վերլուծությունը հեղինակին ու նրա աշխատանքը դարձնելու են «Ծեռս գնայ ի հողն մաշի, գիրս մնա ի վերայ երկրի» (Խաչատուր երեց, Տանձավեր, 1620թ.)։ Ահա այս և եկող սերունդներին ավանդվող պատգամը, գոյաբանական բանաձևը, դիմագիծը պահպանելու դարավոր հավատամքը։
Ձեռագիր հիշատակարանների լուսաբանումը, պատմական Գեղվաձոր, Բաղաբերդ, Աճանան, Մաղանջուղ, Բարգուշատ գավառների ամայացած շատ գյուղերի, կիսավեր վանքերի տեղադրության և տեղանունների քննության փորձերը, պատմական, ժողովրդագրական, ազգագրական, հնագիտական հարցերի արծարծումը՝ ըստ վիմագիր և մատենագիր հուշարձանների, վավերագրումների ու բազմաբնույթ այլ աղբյուրների, հարստացնում են «Կապանի ձեռագրերն ու գրչօջախները» գրքի գիտականությունն ու հանրամատչելիությունը։ Ներկայացվում են ձեռագիր մատյանները, ապա նրանց բաղադրատարրերը, ստեղծման եղանակները, կաղապարները։ Վկայաբերվող հիշատակարաններին ծանոթագրություններով հաջորդում են պատմական և աղբյուրագիտական արժեքավոր տեղեկություններ:
Գիրքն ունի նաև գեղարվեստական արժեք՝ որպես միջնադարյան Կապանի հուշալբոմ։ Ձեռագիր էջերի, մանրանկարների, լքված բնակավայրերի, եկեղեցիների, խաչքարերի, հայ մարդու և բնության ստեղծած բազմաթիվ արժեքների լուսանկարները շարադրվածքի փաստագրումներն են։ «Կապանի ձեռագրերն ու գրչօջախները» գրքով կարելի է լինել Կապանում, թանգարանային շրջայց կատարել, դառնալ զբոսաշրջիկ, համակվել հայրենական վաղեմի իղձերով, հպարտանալ, կրել արժեքներ և ուղղակի կառչել խավարը սանձող լույսին։ Գրչի գործը հիշեցնելն ու ապրեցնելն է։ Այս գիրքը հիշում է, հիշեցնում է, որ ապրեցնի հայ մարդուն։