Անկրկնելի ՍԵՎԱԿԸ…
Պարույր Սևակը ծնվել է 1924թ. հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։
Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։
«Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիները ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից… Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց լավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով»,- մի առիթով ասել է Համո Սահյանը Պարույր Սևակի մասին: Այսօր նրա՝ մեծն Սևակի ծննդյան օրն է: Պարույր Սևակը XX դարի 2-րդ կեսի հայ գրականության մեջ առանձնանում է խոր փիլիսոփայությամբ տոգորված նորարարական-մարդագիտական պոեզիայով: Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի:
Պատմում է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը.
«…Պապան չուզեց կանչել վարորդին, որովհետև հինգշաբթի օրը նրա հնձի օրն էր: Պապան գարաժից «Վոլգան» դուրս հանեց և ուրախացավ, որ հանճարեղ է դուրս հանել, որ անպայման ինքը առանձին մեզ Երևան պիտի տաներ: Մաման չառարկեց: Գնալու էինք Երևան, որպեսզի մյուս օրը Թիֆլիս գնային իմ մեծ մամայի հոգեհանգստի համար: Ես առջևում նստեցի: Մաման ուզեց, որ ես ետև նստեմ` ծաղիկները բռնելու համար: Ետև գնացի և նստեցի Կորյունի մոտ… Տատիկն ու պապիկը մեզ ճանապարհ դրեցին, և մենք հեռացանք Չանախչիի մեր տնից:
Պապան լուռ էր և հանգիստ էր երևում: Հեշտությամբ անցանք ոլորապտույտ ճանապարհներից: Ամայի էր: Առաջից մի բեռնատար ավտո ճամփի մեջտեղից էր գնում: Պապան մոտեցավ, ազդանշան տվեց, որպեսզի ճանապարհ տա: Բեռնատարը շարունակեց մեջտեղից գնալ: Պապան ջղայնացավ, ավելի երկար ազդանշան տվեց: Վերջապես բեռնատար ավտոն թեքվեց աջ: Պապան շատ արագ կողքով անցավ, թեքվեց աջ և ետև նայելով` բեռնատարի գյուղացի վարորդին ցուցամատը թափ տալով` հայհոյեց: Պապան դեռ չէր գտել իր բաց ճանապարհը, երբ բեռնատարը մի քիչ ձախ թեքվեց, մոտենալով մեզ` կարծեմ պապային վախեցնելու համար: Պապան մեքենան անմիջապես աջից դեպի ձախ թեքեց, և աջ կողմից մեքենան բարձրացավ: Մամայի կողմի դուռը բացվեց: Մաման ձայն հանեց և ընկավ ցած: Պապան ձեռքը երկարեց, որ բռնի: Մեքենան շուռ եկավ և ցնցումով խփվեց գետնին: Ես Կորյունի վրա ընկա: Մեքենան նորից դարձավ և անիվների վրա կանգեց հողին: Մաման պառկել էր գետնի վրա ու շատ ձայն էր հանում: Պապան մեքենայի մեջ էր, լուռ էր…»:
Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. — Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց…
Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի բնորոշմամբ Սևակի ծնունդը մեր մշակույթի, մեր ներկայի ու ապագայի համար դարձավ 《 եղիցի լույս 》… Նա է հայի հոգու մաքրությունը, զարկերակը, բողոքը, պայքարը, հավատն ու վերջապես ճշմարտությունը։