Հանճարեղ ժողովրդի զավակը՝ Սիլվա Կապուտիկյանը

Գրող, բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր , ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ , ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սիլվա Կա­պու­տի­կյա­նի և´ պո­ե­զի­ա­յում, և´ հրա­պա­րա­կա­խո­սա­կան գոր­ծե­րում Հա­յաս­տա­նը հայ ժո­ղովր­դի հա­րատևող գո­յու­թյան խորհր­դան­շանն է: Կա­պու­տի­կյա­նի սի­րո քնա­րեր­գու­թյու­նը, ծնվե­լով անձ­նա­կան տա­ռա­պան­քից, ընդ­հան­րա­նա­լով հա­սել է համամարդ­կա­յին զգաց­մուն­քի մարմ­նա­վոր­ման: Ան­կեղ­ծու­թյամբ շնչող նրա սի­րա­յին բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րում սի­րո բերկ­րանքն ու տագ­նապն են, կա­րո­տի կանչն ու հու­սա­հա­տու­թյու­նը, տա­ռա­պանքն ու վիշ­տը «Հայ­նե­ա­կան եր­գեր», «Երգ եր­գոց», «Լի­լիթ», «Ձմեռ է գա­լիս»: Կա­պու­տի­կյա­նը խո­րա­պես մտա­հոգ­վել է Սփյուռ­քի ճա­կա­տագ­րով, հա­յա­պահ­պա­նու­թյան խնդրով: Սիլվան այն հազվադեպ հայ գրողներից է, ում պոեզիան սիրվել է ամբողջ աշխարհում: Նրա բանաստեղծության տողերով երգեր էին գրում ռուս երաժիշտները, նրա տողերն արտասանում էին Ախմատովայի և Եսենինի ստեղծագործությունների կողքին:

ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ Շատ սիրելի Սիլվային. Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան… շատ խավար կլիներ մեր երկիրը: Ապրի՛ր, ստեղծի՛ր, եղիր հավատարի՛մ մեր ժողովրդի իղձերին: Սրտի բոլոր ջերմությամբ` Ավետիք Իսահակյան:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ Մեր սիրելի անզուգական Սիրվա՛րդ, Մեր մեծ հանճարեղ ժողովրդի զավակն ես դու` ամբողջովին ծնված մեր հողից, սնված մեր արմատներից, մեր տանջանքներից ու ուրախություններից, այն ժողովրդի, որը երբեք չի տիրել, չի տրորել, այլ միշտ տրորված լինելով` շարունակել է շտկել իրանը, բարձրացնել գլուխը և նորից նայել արևին, նորից ստեղծել, ստեղծել, ստեղծել … Ապրի՛ր, ստեղծի՛ր,բա՛րձր պահիր Մեծ ժողովրդի անունը, նրա իդեալները, նրա արդար դատի իրավունքը:

ՎԱԶԳԵՆ Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՍԻԼՎԱՅԻՆ Սիլվա Կապուտիկյան` նորոգ վերծաղկում Վանա ծովու ոգու, Սիլվա Կապուտիկյան` երգիչը արդար խոսքի մեսրոպյան լեզվով, Սիլվա Կապուտիկյան` Սոսյաց անտառը լուսո Հայկազեան ցեղի, ռազմի երգերով. Սիլվա Կապուտիկյան, Քեզ գովք ու օրհնանք Սուրբ Էջմիածնի Լուսո խորանից:

ԷԴՎԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ Սիլվա Կապուտիկյանի “Խճանկար հոգու և քարտեզի գույներից” գիրքը երևույթ է, առաջին հերթին, իհարկե, հայ գրականության, իսկ ապա նաև` մեր ողջ բազմազգ գրականության մեջ: Կարդում եմ գիրքը և զգում մայրական սրտի տրոփյունը` ողբերգական, բազմաչարչար, բազմափորձ և անսահմանորեն բարի: Գրքի մթնոլորտը նման է հայկական լեռներին հովանի դարձած երկնակամարին` արևոտ, ջերմ, գունագեղ: … Սիլվան ոչ թե գիրք է գրել, այլ սխրանք է գործել:

ԷԴՎԱՐԴ ՋՐԲԱՇՅԱՆ ՍԻՐՈ ԵՎ ՀԱՎԱՏԻ ՈւԺՈՎ Շատ տասնամյակներ են անցել այն ժամանակից, երբ հայ գրականության երկնակամարում շողաց մի նոր, առաքինող ասուպ` Սիլվա Կապուտիկյան: Ավելի քան կես դար այդ անունը եղել և այսօր էլ մնում է հայրենի գրականության և ընդհանրապես մեր ազգային գիտակցության կենտրոնում, ունի ներգործության տիրական ուժ: … Նրա սիրային բանաստեղծությունները հյուսվում են նվիրումի և հավատարմության, բայց նաև արժանապատվության ու հպարտության բազմաշերտ զգացումներից: Այդ բանաստեղծություններից շատերը լիակատար իրավունքով կարող են պատվավոր տեղ գրավել միջազգային սիրային պոեզիայի ընտիր հավաքածուների մեջ: Կապուտիկյանը տեսավ 90-ական թվականների Հայստանը` արցախյան շարժման հետ կապված ազգային մեծ զարթոնքով և ծանր փորձություններով, քաղաքական և բնական ցնցումներից առաջացած անթիվ ավերածություններով: Այս շրջանում ևս նա եղավ մեր ազգային-հասարակական կյանքի գործուն մասնակիցը: … Կարելի է ասել, որ Կապուտիկյանը միշտ եղել է և նախորդ, և ներկա իշխանությունների ազնիվ ընդդիմախոսի դերում` իր կոչումը տեսնելով ազգային շահերին ու արդարությանը հակասող ամեն մի շեղում ուղղամտորեն մատնանշելու և զգուշացնելու մեջ:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ Թերևս մեզանից ոչ ոք չի կարողացել իր ստեղծագործության մեջ այնպես զուգակցել միտքն ու զգացմունքը, ավանդականն ու ժամանակակիցը, ազգային ձևն ու մարդկային խորքը, եղերգականն ու մարտականը, հետիոտն, գիտակցված պրոզաիզմն ու ճախրող բանաստեղծականը, ինչպես Կապուտիկյանը:

ՊԵՐՃ ԶԵՅԹՈւՆՑՅԱՆ Մինչև վերջին պահը նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն, մնացածը, փառքի ընձեռած հնարավորություններից օգտվելով` ծախսեց ուրիշների համար, ծառայեց իր ժողովրդին և երկրին: Ահա այսպես նա <<շահագործեց>> իրեն: … Սիլվա Կապուտիկյանը նախ և առաջ հրաշալի բանաստեղծ էր, չմոռանանք, որ քաղաքացիական իր արու կեցվածքը <<թույլատրված>> էր նրա տաղանդի շնորհիվ և միայն տաղանդի: Ինձ հարազատ է հատկապես նրա նուրբ քնարերգությունը, նրա ես-ի պատմությունը, թեև մենք-ի մեջ էլ հրաշալի ու շիկացած շատ էջեր կան:

ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ Մեր պոեզիայի զուլալ ձայն սիրելի Սիլվա, Միտքդ խորն է, խոսքդ` գեղեցիկ, հոգու խորքը թափանցող, շոյող ու ոգեշնչող, իսկ ամենից ավելի հմայում ես ինձ քո անհոգ հայրենասիրությամբ: Ձեռքդ միշտ դալար լինի, միտքդ` ամենազոր, և խոսքդ` հմայիչ:

Փաստեր Սիլվա Կապուտիկյանի մասին

Սիլվա Կապուտիկյանը միայն պոետ չէր, Նա նաև արձակագիր էր, հրապարակախոս, զբաղվում էր ակտիվ հասարակական գործունեությամբ:

1.Սիլվա Կապուտիկյանի հայրը ուսուցիչ Բարունակ Կապուտիկյանն էր: Սիլվան շատ է գրել հոր մասին, որը մահացել է դստեր ծննդից 3 ամիս առաջ:

2.Հոր մահից հետո Սիլվայի ընտանիքը հայտնվում է սոցիալական ծանր պայմաններում: Մայրը աշխատում էր որպես հաշվապահ, իսկ Սիլվայի խնամքը հանձնվել էր մորաքույրներին ու վանեցի տատին:

3.Բանաստեղծուհին երազել է կոնսերվատորիա ընդունվել, սակայն չի կարողացել հաջողությամբ հանձնել ընդունելության քննությունը:

4.Սիլվան Հայաստանի գրողների միությանն անդամակցելու առաջարկ ստացել և ընդունել է 19 տարեկանում, երբ դեռ ուսանողուհի էր:

5.1952թ.-ին  «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է Լենինի մրցանակին:

6.1940թ.-ին Սիլվան հանդիպում է Հովհաննես Շիրազին: Հետագայում նրանք ամուսնանում են և որդի ունենում: Նրանց համատեղ կյանքը շատ կարճ ընթացք ունեցավ (Որդին՝ Արա Շիրազը քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ էր):

7.Սիլվա Կապուտիկյանի քնարերգությունը սիրվել էր ոչ միայն Հայաստանի սահմաններում: Սիլվան այն հազվադեպ հայ գրողներից էր, ում պոեզիան սիրվեց ամբողջ ԽՍՀՄ-ում: Նրա բանաստեղծության տողերով երգեր էին գրում ռուս երաժիշտները, նրա տողերն արտասանում էին Ախմատովայի և Եսենինի  ստեղծագործությունների կողքին:

8.Ժամանակին իր ստեղծագործություններում ԽՍՀՄ կառավարությանը գովերգած Կապուտիկյանը շուտով՝ Ստալինի մահից որոշ ժամանակ անց, ափսոսում է և նշում, որ չգիտի, թե ինչու է այդպես կուրորեն հավատացել նրան:

9.Կապուտիկյանը երկար տարիներ երկրից դուրս գալու արգելք ուներ:

10.Սիլվա Կապուտիկյանը հրաժարվել է ՀՀ 2-րդ նախագահի կողմից տրված մեդալից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։