Գոհար Նավասարդյան «Հուշացած ակնթարթներ»

Գիրքը ընկերությունից դեպի սեր տանող ճանապարհը նկարագրող մի պատմություն է, որն ընթանում է աննկատ, ու ամպերին հասած մաքուր սերն աննկատ էլ ավարտվում է՝ արդեն սառած օդում հարյուրավոր անպատասխան հարցեր, դատարկություն ու ցավ թողնելով: Գրքի էջերում հեռացումին հաջորդող փուլերն են, որոնցից և ոչ մեկը հեշտ ու անհետևանք չի անցնում, և որոնց միջով, անկախ պատճառներից ու հաշտվելու հավանականությունից, անցնում են բոլորը:

Վիպակը հիշողությունների մի ամբողջ շարք է, ապրած երջանիկ պատառիկների անվերջանալի հերթափոխ՝ շաղախված խեղդող  կարոտով: Դրանից ազատվելն անհնար է, ինչքան էլ մոռանալու ցանկությունը մեծ լինի, որովհետև չհիշել փորձելն արդեն իսկ հիշել է նշանակում:

Մի՛ հեռացեք իրարից, եթե սերը շատ է: Իսկ թե ճակատագիրն է այդպես կամեցել, ժպիտո՛վ հիշեք նրան, ում կողքին Ձեզ աշխարհում ամենաերջանիկն եք համարել:

* Քեզ հետ ամեն ինչ եմ կիսելու՝ հույսերս, հույզերս, երազներս, վախերս, ժպիտս ու լացս: Կիսելու եմ, որ հետո չափսոսամ ՀՈՒՇացած պահերի համար: Մեզ վերևից իրար գտնելու հնարավորություն է տրվել: Պիտի այնպես անենք, որ չզղջանք և ոչ մի օրվա համար:

* Սերն աշխարհի չափ չի լինում, ինչքան էլ որ ձեռքերը պարզած իրենց զգացածի մեծության չափը ցույց տան: Սերը սրտի չափով է լինում, այնքան, որքան այդ օրգանն ի վիճակի է սիրել, և ուղեղի չափով, որովհետև մեր մտքերով էլ ենք սիրում, իսկ մտքերն ուղեղում են ծնվում՝ սրտի ցանկությամբ:

* Շատ սիրելը շատ քիչ է՝ երջանիկ լինելու համար: Պակաս կարևոր թվացող բաներ կան, որ հաճախ ավելի առաջ են վազում, կամ մեծն ճակատագիրն ապտակում է դեմքիդ, որ քեզ իրենից ապահովագրված չզգաս:

* Կիսատ մնացած սերերը ճիշտ է անցյալում թողնել, ու դրանց շարունակությանը սպասելն անիմաստ է, որովհետև լավ է, երբ ամեն ինչ ժամանակին է արվում ու մի շնչով: Սիրո երկրորդ շունչը ո՞րն է:

* Դու պիտի լիների իմ կյանքում, որ հասկանայի՝ սերն ինչ է: Պիտի լինեիր, որ ժպտայի այս զգացմունքի երանությունից ու տանջվեի դրա դաժանությունից: Պիտի լինեիր, որ հասկանայի՝ սիրում են մեկին և միշտ:

* Անցյալը հետ վերադառնալու հատկություն չունի, բայց եթե ինձ հարցնեն՝ հնարավորության դեպքում ի՞նչ կփոխեի, ես կասեի՝ ոչինչ… Անկեղծ սիրելուց հետո ո՞վ է զղջում, չստացվելու դեպքում միայն ափսոսում են: Երջանիկ օրերը կրկնել են ուզում, սրտում են պահում, բայց չեն զղջում:

* Սիրո ուժը հաճախ կարոտով են չափում, կարոտինը՝ գրկախառնություններով…

* Ուզում եմ քիչ խոսենք, լուռ հասկանաս ինձ: Ես քեզ լռության մեջ էլ կուսումնաՍԻՐԵՄ…

2 thoughts on “Գոհար Նավասարդյան «Հուշացած ակնթարթներ»

  • 23.08.2022 at 08:46
    Permalink

    Ես շատ բան հասկացա ձեր խոսքերից, շատ շնորհակալություն գեղեցիկ խոսքերի համար։

    Reply
    • 24.08.2022 at 16:08
      Permalink

      Շնորհակալ ենք մեր կայքին հետևելու և կայքից օգտվելու համար:

      Reply

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։