Ազգային գրադարանային շաբաթ-20 «Գիրքը՝ բալասան»
Ազգային գրադարանային շաբաթը համարվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի /ՀԳԱ/ ամենակարևոր նախաձեռնություններից մեկը: Նպատակն է գրքի, գիտելիքի և ընթերցանության դերի վերաիմաստավորումը, գրագետ և տեղեկացված հասարակության ձևավորումը ի շահ մտավոր արժեքների պահպանման: «Շաբաթ»-ի միջոցառումները նպաստում են գրադարանների, գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, հանրության կյանքում գրադարանների նշանակության արժևորմանը, ընթերցող-գրադարան կապի սերտացմանը: Ամեն տարի ապրիլ ամսին անցկացվող այս միջոցառումն արդեն ավանդույթի ուժ է ձեռք բերել և նվաճել հասարակության համակրանքը։
Այս տարի Ազգային գրադարանային շաբաթը անց է կացվել ապրիլի 12-19-ը, «Գիրքը՝ բալասան» կարգախոսով: Շաբաթի շրջանակներում տեղի են ունեցել տարբեր մշակութային միջոցառումներ:
ԱԳՇ—ի բացում-Այցելություն «Բաղաբուրջ» հուշահամալիր
Ծաղկեդրում, մոմավառություն, հարգանքի տուրք, խոնարհում…Թերևս սա ոչինչ է կյանքի դիմաց կյանք տված հերոս տղաների համար:Խորին խոնարհում Հայոց բանակի հերոսներին…
Ցերեկույթ — «Հայ մշակույթի խոնարհ նվիրյալը» (նվ. Ալ.Սպենդիարյան 150-ամյակին): Ցերեկույթը կրում էր «Հայ մշակույթի խոնարհ նվիրյալը» խորագիրը: Միջոցառումը վարում էր բաժնի ակտիվ ընթերցող՝ Հասմիկ Սիմոնյանը, ով ներկայացրեց կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործությունը: Կոմպոզիտորի ստեղծագործություններով հանդես եկան Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երաժիշտ-մանկավարժ, երգչուհի Թերեզա Հովհաննիսյանը , Արվեստի պետական քոլեջի դաշնակահարուհի, մանկավարժ, նվագակցող Յանա Ստեփանյանը, Քաջարանի Արվեստի դպրոցի մանկավարժ, ջութակահար Արմինե Հարությունյանը:
Գրական ցերեկույթ— «Երբ սիրտն է բանաստեղծում» (նվ. Նանսեն Միքայելյանի 90-ամյակին): Գրական ցերեկույթը նվիրված էր բանաստեղծ Նանսեն Միքայելյանի 90-ամյակին, որը կրում էր «Երբ սիրտն է բանաստեղծում» խորագիրը։ Միջոցառմանը մասնակցում էին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ “ա” դասարանի աշակերտները (դասվար` Մերի Հակոբյան): Նախ ներկայացրին բանաստեղծի կյանքը, այնուհետեւ ասմունքեցին ստեղծագործություններից: Գրադարանի կողմից տրվեց շնորհակալագիր 2-րդ “ա” դասարանին՝ բաժնի միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար: Իսկ վերջում փոքրիկ Լեոն դասարանի աշակերտների կողմից շնորհակալություն հայտնեց գրադարանավարներին:
Գրական-երաժշտական ցերեկույթ-«Ով մեծն զորավար, հային տվեցիր պատգամ հաղթական» (նվ. Գ.Նժդեհի-135 ամյակին): Երաժշտական ցերեկույթը նվիրված էր հայրենանվեր Նժդեհի ծննդյան 135-ամյակին։ Գրադարանավար Հասմիկ Թորոսյանը ներկայացրեց Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավարի պատգամները։ Նժդեհի մենախոսությամբ հանդես եկավ Հայաստանում առաջինը Գարեգին Նժդեհին մարմնավորած, Կապանի դրամատիկական թատրոնի դերասան Արտավազդ Գրիգորյանը։ Գարեգին Նժդեհին գեղարվեստական ժանրով ներկայացնելու առաջարկով հանդես եկավ Արթուր Գաբրիելյանը։ Երաժշտական համարով ներկայացան Արվեստի պետական քոլեջի սաները, ասմունքեցին թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտները, իսկ պարային կատարումով հանդես եկավ «Նարին» պարային համույթը։
Տեսաձայնագրություն Շառլ Ազնավուր- «Երգս կսավառնի ամպերում» (նվ. Ֆրանկոֆոնիայի միջազգային երկամսյակին)
Ընթերցանության ժամ
Կոնֆերանս-«Մեծ գիտնականը Կապանից»
(Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տէր-Մովսիսյան)
ԱԳՇ-ի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում պատմաբան, «Տավերս» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Սմբատյանի և Կապանի թիվ 2 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Ալյոշա Հայրապետյանի հետ: Գրիշա Սմբատյանը ներկաներին ծանոթացրեց հոգևոր և հասարակական գործիչ, գիտնական ու մանկավարժ Մեսրոպ Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի կյանքն ու գործունեությունը, ով արմատներով Սյունիքի մարզի Շիկահող գյուղից էր: Հայ-թաթարական բախումների ժամանակ Զանգեզուր գործուղված Արքեպիսկոպոսի աշխատանքների առաքելության մասին պատմեց Ալյոշա Հայրապետյանը։
Այս հանդիպումով էլ ավարտվեց և ամփոփվեց Ազգային գրադարանային շաբաթը: