Եվրոպական ժառանգության օրեր «Դարերի խորքից…Կապանյան գերդաստաններ»

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում «ՏԱՎԵՐՍ» ՀԿ-ն Սյունիքի մարզային գրադարանի հետ համատեղ ներկայացրեց «Դարերի խորքից…Կապանյան գերդաստաններ» խորագիրը կրող ցուցադրությունը՝ նվիրված կապանյան մելիքական տներին, գերդաստաններին, ընտանիքներին, նշանավոր անհատներին։ Խորագիրը պատահական չի ընտրված և համահունչ է ծրագրին: Հաճախ հզոր և հարուստ պատմության և մշակույթի մասին խոսելիս մոռացվում է այն կերտող մարդը: Ցուցադրությանը ներկայացվել էր փոքր հայրենիքի մեծագույն մարդկանց  գերդաստանները: Այս ցուցադրությունը հնարավորություն է տալիս մոտիկից ճանաչել Կապանից ծագող, Կապանից հեռացած կամ հայրենի եզերքում ապրած և համահայկական դերակատարություն ունեցած չորս մեծ մելիքական տներ (Մելիք-Նուբարյան, Մելիք-Քարամյան, Մելիք-Ստեփանյան, Մելիք-Փարսադանյան), փոքր մելիքական տներ (Մելիք–Մինասյան–Ղուկասյան, Մելիք–Օհանջանյան, Մելիք–Ղարագյոզյան, Մելիք-Աղամիրյան, Մելիք-Դադայան), հոգևոր տոհմեր, անվանի կապանցիներ և բազմաթիվ այլ տների ու գերդաստանների, ընտանիքների և մեծանուն անհատների:

Ուղիղ 100 տարի առաջ մեր երկրի ճակատագիրը վճռվում էր Սյունիքում, (հիշենք Զանգեզուրի գոյապայքարը): Պատմությունը կրկնվում է, մեր երկրամասին և նրա մարդկանց նույն դերն է տրված: Հայրենիքի ապագայի համար մտահոգ Անդրե Մորուան հայացքն ուղղում էր պատմական անցյալին և հուսադրում հայրենակիցներին, որ մեծ պատմության և մշակույթի տեր ֆրանսիացիներին ոչ ոք հաղթել չի կարող: Այնպես որ զուր չէ, որ հայացքներս ուղղում ենք անցյալին:

Ցուցադրության բացման արարողությանը ներկա էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը, արվեստագետներ, մտավորականներ, գիտության և կրթության գործիչներ, ուսանողներ, գրադարանավարներ և այլք։

Ցուցադրության հեղինակներ Գրիշա Սմբատյան և Արմինե Հովհաննիսյան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։