Գրիշա Սմբատյան «Բախում են դռներն ու դարպասները»

«Բախում են դռներն ու դարպասները» աշխատությունը ընդգրկում է 1949թ. հու­նի­սի 13-14-ի հա­յե­րի աք­սո­րի թեման։

Վավերագրական, հուշագրական, փաստական, արխիվային և բանագիտական նյութի առանցքով նկարագրվում են աքսորի գործընթացը Կապանում և Գորիսում, աքսորականների կյանքը Ալթայում և Խորհրդային Միության այլ վայրերում:

Աշխատությունը կարող է օգտակար լինել Սյունիքի պատմության, 1940-50-ական թվականների խորհրդային շրջանի քաղաքական պատմության տարբեր հարցերով զբաղվող հեղինակների համար: Գիրքը նախատեսված է նաև ընթերցողների լայն շրջանակի համար: Գրիշա Սմբատյանի 8-րդ գիրքը՝ «Բախում են դռներն ու դարպասները» վերնագիրն է կրում: Այս լուրջ, բծախնդիր աշխատանքի արդյունքում ծնված աշխատությունն ընդգրկում է 1949թ. հու­նի­սի 13-14-ի հա­յե­րի աք­սո­րի թեման։ «Նախ ինչո՞ւ «Բախում են դռներն ու դարպասները», որովհետեւ 1949թ. հու­նի­սի 14-ին ժամը 4-ին ամբողջ Հայաստանում, այդ թվում մեր փոքր հայրենիքում՝ Սյունիքում, Կապանում բախեցին բոլոր դռներն ու դարպասները եւ ասացին՝ պատրաստվեք ձեզ քշում ենք անհայտ ուղղությամբ, ու մարդիկ ճանապարհին իմացան, որ Սիբիր են գնում: Այսքանը գրքի վերնագրի մասին»,- ներկայացնում է պատմաբանը և շարունակում. «Ես միշտ մեր փոքր հայրենիքից՝ Սյունիքից եմ խոսում, որը մի մասն է մեր երկրի, խոսում եմ ամենաողբերգական էջերից մեկի մասին, երբ անմեղ մարդիկ հայտնվեցին Սիբիրում միայն նրա համար, որ Զանգեզուրի գոյամարտի հերոսների զավակներն ու թոռներն էին, հակակոլտնտեսային շարժման մեջ էին, նույնիսկ սփյուռքահայ աքսորականների քշեցին Սիբիր, որոնք որակավորվել էին որպես դաշնակցականներ կամ թուրքահպատակներ, 3 այդպիսի ընտանիք եմ հայտնաբերել, նաեւ կային ռազմագերիներ, անմեղ մարդիկ… Հայտնաբերել եմ բոլոր կապանցիներին, գորիսեցիներին… Երբ ոմանք դեռ ողջ էին, ինձ հաջողվել է գրառել նրանց հուշերը, օգտվել եմ նաեւ արխիվային նյութերից, սակայն ինձ համար ամենաթանկը մարդու բանավոր հիշողությունն է, հատկապես որ 1949թ աքսորի վերաբերյալ արխիվային վավերագրեր գրեթե չկան: Գրքի իմաստը այսպես եմ տեսնում՝ նախ մարդկային ճակատագրեր, մեր հայրենիքի մի պատմության մասը: Ապշելու բան է մեր հայերի՝ դրսում գոյատեւելու կամքը, ունակությունը, հարմարվելը եւ նույնիսկ տեղացիներից առաջ ընկնելը: Հաճախ ասում են՝ ներսում իրար չենք սիրում, բայց դրսում իրար սիրելը, աջակցելը ուղղակի զարմացնում է: Գրքի նպատակը նաեւ այն է, որ մարդիկ կարդան ու գիտակցեն, որ պետությունը, պետականությունը բարձրագույն արժեք է, որովհետեւ եթե մի օր էլ դառնանք Միութենական պետության մաս, կարող է դուր չգանք ոմանց, մեզ լցնեն վագոնները ու տանեն Ալթայի երկրամաս…Մի խոսքով՝ բանավոր հիշողություններ են, մարդկային ճակատագրեր, սահմանային իրավիճակներ, բացառիկ լուսանկարներ՝ բոլորը Ալթայից…

«Բախում են դռներն ու դարպասները» գրքի խմբագիրներն են պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը: Գրախոսը բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լ․ Ներսիսյանն է:

Շնորհակալ ենք գրքի հեղինակին՝ պարոն Սմբատյանին, նման մեծ աշխատանքի համար, այսչափ գնահատելի եւ պարտավորեցնող գրքի համար: Երախտապարտ և անչափ շնորհակալ ենք, այս ազգանվեր գործի համար»: Շնորհակալ ենք…





Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։