Աշոտ Աղաբաբյան «Մենակը»

Սիրելի՛ ընթերցող, Սյունիքի մարզային գրադարանն առաջարկում է գրքասերներին ընթերցել ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» գիրքը։

Այս գրքում ընթերցողն աոաջին անգամ կծանոթանա վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, nրոնք առաջին հայացքից առասպելական են թվում, սակայն բացարձակ իրական դեպքեր են: Վեպի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ հեղինակն անդրադարձել է պատմական իրական անձի` ակադեմիկոս, աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի հայտնագործություններին: Առաջին անգամ ընթերցողին ամբողջովին կներկայանա համաշխարհային գիտության այս հսկայի իրոք առասպելական ոդիսականը: Սակայն «Մենակը» վեպը գեղարվեստական ստեղծագործություն է, և նրա գլխավոր հերոս Առնո Սարոյանը իրականում մարմնավորում է երկու հոգու՝ գիտնականի և հայտնի գրողի կերպարները: Վեպում անձնական կյանքի դրվագները բացառապես Առնո Սարոյանինն են և որևէ կապ չունեն գիտնականի հետ:

Մեջբերումներ գրքից…

. Կարոտը քաղցած որբուկի նման տաք-տաք հուշեր է կրակից հանում:

. Ում սիրում է տերը, նրան ատում են ծառաները:

. Ինչ մնում է մենակությանը, բոլորն էլ մենակ են, մենակ չեն միայն նրանք, ովքեր դա չեն գիտակցում:

. Ե՞րբ է մարդը հասկանալու, գնահատելու ժամանակի գինը: Դա փողի նման է. խնայեցիր՝ լիուլի կունենաս, շռայլեցիր՝ մեռնելու ժամանակ էլ չես ունենա:

. Առնո Սարոյանը երբեք չէր կարկամում, ոչ մի պատահականություն նրան անակնալի չէր բերում, որովհետև կոփվել էր տարիների ընթացքում, սովորել և՛ թիկունքից հարվածներին, և՛ հաջողություններն օրինաչափ համալերուն:

. Գիշերվա խավարի մեջ տիրաբար իշխում էր լռությունը:

. Այ, վտանգավորն այն է, երբ մի օր Առնո Սարոյանի նման մարդն ինքն իրեն հարց տա՝ ու՞մ և ինչի՞ համար եմ անում այս ամենը: Բայց դրա պատասխանն առայժմ ունի՝ անում եմ գիտության և սերունդների համար: Ինչևէ, մեծություններին վիճակված են մեծ փորձություններ: Աշխարհում չկա բան, որ ավելի արժանի լինի հարգանքի, քան խելքը: Բայց ժամանակն ու մարդիկ առավելապես ընտրում են շահը… իբր հանրային, իբր երկրի…

. Աֆրիկյան բուշմենների իմաստուն խոսքը՝ «ես այնքան ջահել եմ, որքան իմ սրտում նոր ծնված զգացմունքը, և այնքան ծեր եմ, որքան իմ բոլոր անկատար երազանքները»:

. Ինքն իրեն կրկնում էր. «Ստեղծել են Բալիստիկ հրթիռ՝ ատոմային ռումբով ու մարտագլխիկին տեղադրել են իմ երկու տվիչները: Սա սարսափելի հուժկու զենք է, անսխալ ու դաժան»:

. Աստված իմ նկատմամբ որքան չափազանց շռայլ էր գիտության և տիեզերքի ասպարեզում, նույնքան էլ չափազանց ժլատ՝ աշխատածս վայելելու, հունձքս ժողովելու հարցում: Ես հասա տիեզերք: Բուռն ու շռնդալից հաղթանակներ: Մի կյանքի համար գերհագեցած ոդիսական: Բայց իմ գիտական հանճարեղ նվաճումը զենք դարձրին, հայրենիքին այլևս պիտանի չեմ, բոլորն ինձ ՄԵՆԱԿ թողեցին…

. Գրողը տանի, մենք որքա՜ն նման ենք իրար։ Երկուսս էլ միայնակ ոռնացող գայլեր ենք աշխարհի միլիարդավոր ոհմակներից անջատ։ Մի տարբերություն կա մեր մեջ. ես երբեմն ունկնդրում եմ մենակի քո ոռնոցը, իմը՝ լսող չկա։ Մենք ոչ ոքի պետք չենք, եղբայր, ոչ ոքի։ Ծերացած գայլերը միայնության մեջ են մեռնում։ Գայլը դունչը բարձրացրեց լուսնի ուղղությամբ ու ծոր տալով թույլ ոռնաց, ասես պատասխանում էր խոսակցին։ Հետո մի քանի քայլ հետ-հետ գնաց ու շրջվելով ձուլվեց անտառի մթությանը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։