Ագաթա Քրիստի «Մահ Նեղոսի վրա» և «Մեծ քառյակը»

Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի կիզակետում:

Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում:

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել:

«Մեծ քառյակը»՝ Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ պատմությունը, առաջին անգամ հրատարակվել է 1927թ. Մեծ Բրիտանիայում: Վեպի սյուժեն պտտվում է կրկին հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյի և նրա վաղեմի ընկեր կապիտան Հասթինգսի շուրջ: Վեպն իր կառուցվածքով տարբերվում է Պուարոյի մասնակցությամբ մյուս վեպերից, քանի որ այն իրենից ներկայացնում է միմյանց հետ կապված պատմությունների շարք, որոնցում Պուարոն Հասթինգսի օգնությամբ փորձում է բացահայտել Մեծ քառյակի՝ միջազգային հանցավոր խմբավորման առեղծվածը, որի անդամները ջանք չեն խնայում Պուարոյին վերացնելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։