5 նոր ու լավ թարգմանություն համաշխարհային բեսթսելլերների

Ներկայացնում ենք բոլորովին վերջերս հրատարակված գրքեր՝ համաշխարհային հայտնի երկերի, բեսթսելլերների թարգմանություններ։
Գյուստավ Լը Բոնի «Ամբոխների հոգեբանությունը»
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆրանսիացի բժիշկ, մարդաբան, հոգեբան, սոցիոլոգ, բնագետ և գյուտարար, սոցիալական հոգեբանության մի ճյուղը կազմող զանգվածների հոգեբանության հիմնադիր Շառլ Մարի Գյուստավ Լը Բոնի (18411931) 1895ին լույս տեսած «Ամբոխների հոգեբանությունը» աշխատությունը, որն համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը: Այս գիրքը և ընդհանրապես Լը Բոնի գաղափարները կարևորագույն դեր են խաղացել 20-րդ դարասկզբին, մասնավորապես ամբողջատիրական համակարգերի հիմնադիրների՝ Մուսոլինիի, Հիտլերի, Ստալինի և Մաոյի, անգամ Մուստաֆա Քեմալի, հանրապետական վարչակարգերի խոշորագույն առաջնորդների՝ Ռուզվելտի, Կլեմանսոյի, Պուանկարեի, Չերչիլի, դը Գոլի, ինչպես նաև, գիտական առումով, Զիգմունդ Ֆրոյդի և Մաքս Վեբերի, քաղաքական առումով, մասնավորապես, նացիոնալ սոցիալիզմի և նրա գլխավոր դերակատարների վրա:
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան:

Հայնրիխ Բյոլ «Հոգատարության կապանքներում»
Գերմանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հայնրիխ Բյոլի (1917-1985) «Հոգատարության կապանքներում» վեպը առանձին, բայց փոխկապակցված դրվագներով պատմություն է: Վեպի յուրաքանչյուր հերոս իր տեսանկյունից է նայում իրադարձություններին, բայց այդ բոլոր տեսանկյունների համախումբը վերհանում է հուզիչ ու ինչ-որ տեղ նաև ողբերգական մի պատմություն, որտեղ երևակվում է քաղաքական, հասարակական, սոցիալական հարցադրումների մի մեծ համապատկեր:
Թարգմանությունը գերմաներենից` Կարլեն Մատինյանի

Միգել Անխել Աստուրիաս «Պարոն Նախագահ»
Գվատեմալացի հռչակավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «մոգական ռեալիզմի» ռահվիրա Միգել Անխել Աստուրիասի (1899-1974) այս գլուխգործոցը, որ լույս է տեսել 1946-ին, ոչ միայն բռնապետների թեմայով գրված լատինաամերիկյան կարևորագույն վեպերից է, այլև ամբողջ համաշխարհային գրականության ամենաառանցքային գործերից մեկը: Հեղինակը պատկերում է անհայտ երկրի, անանուն, սակայն իրական նախատիպ ունեցող մի բռնապետի և իր պատմությունը հյուսում՝ ներկայացնելով նրա տմարդի ու դաժան գործողություններից մի քանիսը միայն՝ ցույց տալով, թե ինչպես կարող են դրանք կործանել անհատների կյանքը և ազդել ամբողջ հասարակության վրա: Վեպն իրական հիմքեր ունի. հեղինակը վկա է եղել, թե ինչպես է տանջամահ արվել իր երկրի բռնապետ նախագահի քաղաքական հակառակորդներից մեկը՝ հավատացած, թե կինն անհավատարիմ է եղել իրեն:
Թարգմանիչ՝ Կառա Չոբանյան

Ջեյն Օսթին «Էմմա»
Էմմա Վուդհաուսը՝ «վայելչատես, խելացի ու հարուստ», քսանմեկ տարեկանում որոշում է, որ ամուսնությունն իր համար չէ, ինքը պետք է ընդմիշտ մնա ծերունի հոր կողքին, իսկ իր խորաթափանցությունը, եռանդն ու բոլոր ուժերն ի սպաս դնի մերձավոր շրջապատի երիտասարդների ճակատագրերը միավորելու գործին: Հարթֆիլդ կալվածքի շնորհաշատ տիրուհու բարի մտադրությունները, ազնվությունն ու մտավոր բարձր կարողությունները կասկածից վեր են, սակայն նրա կերպարով ընդհանուր առմամբ հիացող անաչառ ընթերցողը մեկ անգամ չէ, որ նրա հանդեպ զայրույթով կլցվի իրասածի, անխոհեմ արարքների համար: Բարեբախտաբար, Էմմայի կողքին մանկությունից ի վեր կա մի կորովամիտ բարեկամ, որը միշտ կարողանում է նկատել ու մատնանշել նրա սխալները, ճիշտ ճանապարհի բերել նրան: Ու հենց այդ վաղեմի բարեկամին էլ վիճակված է ի վերջո դրժել տալ երբեք չամուսնանալու նրա որոշումը:
Թարգմանությունն անգլերենից՝ Արմենուհի Փալանդուզյանի

Միչիո Կակու «Ապագայի ֆիզիկան»
Ո՞ւր է մեզ տանում սրընթաց զարգացող գիտությունը։ Ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել համակարգչային տեխնոլոգիաների, բժշկության, տիեզերագնացության և այլ ոլորտներում։ Եվ ամենակարևորը՝ ինչպիսի՞ն կլինի մարդու առօրյա կյանքը 2100 թվականին։ Նշանավոր տեսաբան-ֆիզիկոս Միչիո Կակուն փորձում է գտնել այս բոլոր հարցերի պատասխանները և սեղմ պատկերացում տալ մարդկության հնարավոր ապագայի մասին։ Այդ նպատակով նա զրուցել է շուրջ երեք հարյուր առաջատար գիտնականների հետ, որոնք իրենց լաբորատորիաներում կերտում են վաղվա պատմությունը։
Թարգմանիչ՝ Մարիամ Հարությունյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։