Մայիսի 28՝ Հայաստանի Առաջին Հանրապետություն
«Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։
Հովհաննես Քաջազնունի ՀՀ առաջին վարչապետ
Մայիսի 28-ը մեծ հպարտություն է արթնացնում յուրաքանչյուրիս սրտում։ 103 տարի առաջ այս օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:
Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում՝ Մեծ եղեռնից հետո և Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի համայնապատկերին, երբ, ըստ էության, որոշվում էր հայ ազգի լինել-չլինելու հարցը, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականները, սովը և ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծելու կայուն պետություն: Ու չնայած իր կարճատև գոյությանը` այն դարձավ մեր ազգային վերածննդի և նոր պետականության կայացման հիմնասյունը:
Մայիսի 28-ին Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ, որը կրում էր «Վաղվա Հայաստանի սահմանները գծելու են հայ զինվորի արիությունն ու հայրենասիրությունը»խորագիրը` նվիրված 1918թ. մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Առաջին Հանրապետությանը։
Հայրենասիրական երգ ու պարով հանդես եկան Արվեստի պետական քոլեջի ուսանողները, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, «Նարին» պարային համույթի սաները, ասմունքեցին Կապանի թիվ 3,6,7 հիմնական դպրոցի աշակերտները։