Վիլյամ Սարոյանը Ղափանում
Վիլյամ Սարոյանը 70 տարեկան է: Այս հոբելյանը հայկական հինավուրց հողում դարձել է նրա համար մեղրամսի նման մի բան, ամերիկահայ հռչակավոր գրողը իր մայր ժողովրդի հետ և իր մայր հողում է վայելում նրա խորհուրդը: Հիմա Սովետական Հայաստանում, որին ինքն ասում է՝ Հայաստան՝ քարաստան, շրջապատվել է սիրո և ջերմության արտակարգ շնչով: Ինքն էլ տանը՝ «Արմենիա»հյուրանոցում, ոչ մի վայրկյան չի նստում, շրջում է ամենուրեք, ձգտում է իր ժողովրդի մեջ լինել որքան հնարավոր է շատ:
Վ. Սարոյանը Երևան է եկել՝ մասնակցելու պատմական Հայաստանի արևելյան հատվածը Ռուսաստանին միանալու 150-ամյա պանծալի տոնին, կիսելու իր ժողովրդի հետ համազգային ուրախությունը: Եվ դա էլ առիթ է դարձել նրա շրջագայությանը իր նորոգ «հայրենիքում»՝ «Իմ սիրտը լեռներում է»: Այսպիսի նշանավոր մի պիես ունի Սարոյանը: Օրերս, երբ նա բախտ ունեցավ առաջին անգամ ոտք դնելու Ղափանում, նայեց Խուստուփին ու բացականչեց բերկրանքով.
-Իմ սիրտը լեռներում է…
Այդ մտքին նա ավելի «կառչեց», երբ տեսավ Քաջարանը ու նրա հերոս մարդկանց:
Ինքնակենսագրական գրքերից մեկում Սարոյանի զրուցակիցը դիմել է նրան և ասել՝ դուք գրողներդ, ինքներդ էլ չգիտեք, թե «ինչի համար է ձեր աշխատանքը»: Իսկ Սարոյանը պատասխանել է՝
-Որպեսզի օգնենք մարդուն մարդ լինել…
Մեծ գրողի այս թևավոր խոսքը վերաբերեց ավելի շատ մեր լեռներին, երբ նա տեսնելով ճերմակած Կապուտջուղը, Գանձասար լեռը, լեռան թիկունքին՝ «գործատունը»՝ հարստացուցիչ ֆաբրիկան, ճոպանուղին, նոր Քաջարանը, ընկերակիցներին ասաց.
-Գիտե՞ք, եղբայրներ, Շվեցարիայի լեռներն ալ գեղեցիկ են, սակայն հեռացել են մարդկացից:
Այստեղ՝ Քաջարանում, ասել կուզեմ՝ Հայաստանում՝ լեռները մարդկանց քով են, սերտ են միմյանց: Եվ հիանում է, որ մարդը իր ստեղծածով ավելի է գեղեցիկ շուք ու տեսք տալիս լեռնաշխարհին:
Սիրով է լցվում, որ իր ուղեկցողը՝ Սերո Խանզադյանը՝ Քաջարանին գիրք է նվիրել:
-Ես ալ չեմ մոռնա մի բան գրել, Քաջարանը անուշ քաղաք է, կերևա, մարդիկ էլ խիստ գործավոր են…
Կուսշրջկոմի առաջին քարտուղար Ռ. Մինասյանը նրան տեղեկություններ է տալիս Զանգեզուրի Լենինի շքանշանակիր պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրանքի, տեխնիկական զինվածության, Քաջարան-Արծվանիկ թափուկատարի, Քաջարանի հանքագործների հերոսական գործերի մասին, նշում, թե Քաջարանի արտադրանքը որքան կարևոր է սովետական երկրի հզորության ամրապնդման համար:
Ներքին ավտոպարկի մոտ թանկագին հյուրին «կանգնեցնում»են մի մեծ խումբ բանվորներ և զրույցի բռնվում նրա հետ: Ավտոպարկի անվանի վարորդ, կուսբյուրոյի քարտուղար Դ. Ավետիսյանը ասում է.
-Ձեզ, սիրելի՛ վարպետ, մենք լավ ենք ճանաչում, Ձեր ստեղծագործություններին ծանոթ ենք, հպարտանում ենք, որ Ամերիկայում այդպիսի հայրենասեր գրող ունենք, կցանկանանք, որ Ձեր 100-ամյակը Ձեր ներկայությամբ նշենք Քաջարանում:
Սարոյանը նայում է շարքային բանվորին, իրեն օղակած երիտասարդներին և խնդալի ոգևորվում.
-Երիտասարդությունը հրաշք է, կմտածեմ, որ Քաջարանն ուժեղ է անորմով…
Վիլյամ Սարոյանը, արձակագիր Սերո Խանզադյանի, Զորի Բալայանի, բանաստեղծ Վահագն Դավթյանի և շրջանի ղեկավար ընկերների հետ Քաջարանում շրջագայելուց հետո, եղավ պատմական Բաղաբերդում, դիտեց Դավիթբեկի հինավուրց ամրոցը, Ղափանի նորակառույցներն ու արվեստի կոթողները:
Ամենուրեք և բոլոր հանդիպումներում մարդկանց գերեցին նրա բարությունը, անկեղծությունը և ջերմությունը: Քաջարանում մի կտոր հանքաքար էր վերցրել ձեռքը և մանկան պես հրճվում էր.
-Աս հարստություն է, աս հրաշք է: Ուրախ, երջանիկ եմ, որ իմ ժողովրդինն է բոլորը:
Դժվար էր բաժանվում Ղափանից, որով հիացած էր անչափ: Օդանավակայանում հրաժեշտի ժամանակ դիմեց ճանապարհողներին.
-Շատ հեռու կերթամ, բայց սիրտս ձեր քով կթողնիմ, իմ սիրտն իմ լեռներում է: Ես Լոս- Անջելոս անիկա իմ հետ չեմ տանի… Ձեր պատկերնիք ու ձեր մեծ-մեծ գործերի խորհուրդը կտանեմ իմ հոգվույս մեջ:
ՄԱՐՏՈՒՆ ԱՍԱՍՅԱՆ
Նկարներում-Քաջարանում՝ լեռնագործների հետ հանդիպման պահին: Բացատրություններ է տալիս կուսշրջկոմի առաջին քարտուղար Ռ. Մինասյան
Վիլյամ Սարոյանը Քաջարան տանող ճանապարհին: Այստեղ են ասել՝ Իմ սիրտը լեռներում է…:
Լուսանկարները՝ Ա. Չինարյանի
Նյութի աղբյուրը՝ Պղնձի համար-3 26 Հոկտեմբերի 1978 թ.