Բոլոր ժամանակների սիրված մաեստրո՝ Առնո Բաբաջանյան

ԱՌՆՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության (1971) և ՀԽՍՀ (1962) ժողովրդական արտիստ։

1921 թվականի հունվարի 21-ին երևանաբնակ ուսուցիչ, մասնագիտությամբ մաթեմատիկոս Հարություն Բաբաջանյանի ընտանիքում արու զավակ է ծնվում:

Ծնողների ուրախությանն իհարկե չափ ու սահման չի լինում: Չէ՞ որ հայերն,ըստ ավանդույթի, արու զավակների ծնունդին միշտ էլ առանձնահատուկ կարևորություն են տալիս:

Սակայն ոգևորվելու հետ մեկտեղ Հարություն Բաբաջանյանը ունենում է մտահոգվելու 2 պատճառ, որոնք թեև աննշան էին, բայց անհնար էր չնկատել դրանք:

Այդ պատճառներից մեկն այն էր, որ մանուկը կարծես դիտավորությամբ ծնվել էր այն օրը, երբ մահացել էր ժողովուրդների առաջնորդը՝ Լենինը:

Անձամբ հայրն այս առումով հանցանք ու դժբախտություն չէր տեսնում, սակայն որքան էլ որ անհավանական թվա, այն ժամանակներին տիրող կոմունիզմի մոլուցքը մթագնել էր բոլորի ուղեղները:

Ուստի մանուկը կարող էր խնդիրներ ունենալ կյանքում միայն այն բանի համար, որ հանդգնել էր երջանկացնել ծնողներին՝ Իլյիչի մահվան չարաբաստիկ օրը լույս աշխարհ գալով:

Հոր մտահոգության մյուս առիթը նորածնի մեծ քիթն էր, մի հանգամանք, որը կարող էր ողջ կյանքում հարուցել շրջապատի ծիծաղն ու վնաս հասցնել տղայի անձնական կյանքին:

Առաջին խնդիրը ծնողները հեշտ չեզոքացրին անմիջապես՝ ծննդյան վկայականում հունվարի 21-ը փոխելով 22-ի, և մանկան գլխին կուտակված քաղաքական ամպերը ցրվեցին գրչի մեկ հպումով:

Իսկ ահա քթի անհամաչափ մեծության հետ հարկ եղավ ուղղակի մերվել, քանզի այդ խնդիրը ոչ մի կերպ հնարավոր չէր շտկել ոչ մի գրչի օգնությամբ:

Վերջապես կարելի էր սփոփվել այն փաստով, որ մեծ քիթը իսկական հայ տղամարդուն ավելի է առնականացնում:

Ի վերջո զուգադիպություն էր, թե ինչ-որ օրինաչափություն, մանկան անունն էլ ստացվեց հնչեղ ու արտահայտիչ՝ ճիշտ և ճիշտ ինչպես նրա քիթը: Նրան ԱՌՆՈ կոչեցին:

Հենց այդ անունով էլ նա ուղեգիր ստացավ երաժշտության պատմություն:

Բաբաջանյանների ընտանիքում երաժշտական կրթություն ոչ ոք չուներ, թեև հայրը՝ Հարություն Բաբաջանյանը, գերազանց ֆլեյտա էր նվագում:

Գուցե հորից էլ Առնոյին փոխանցվել է երաժշտական ընդունակությունները, որովհետև դեռ 4 տարին չլրացած՝ փոքրիկն արդեն փորձում էր նվագել հին հարմոնի վրա:

Ինչպես պարզվելու էր հետո, դա ոչ թե խաղալու մանկական ձգտում էր, այլ երաժշտությանը սիրահարվելու մի մեծ իրադարձություն:

Մի քանի տարի անց փոքրիկ Առնոյի կյանքում ճակատագրական հանդիպում տեղի կունենա. մանկապարտեզում, որտեղ մեկ այլ մեծ կոմպոզիտոր հյուր կգա և կերգեցնի երեխաներին՝ հասկանալու համար նրանց երաժշտական ընդունակությունները:

Եվ պատահաբար լսելով փոքրիկ Առնոյին, որը երգում էր և ինքն էլ իրեն ծափով չափ էր տալիս, կասի.

«ԴՈՒ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ԶԲԱՂՎԵՍ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ »…

Այդ կոմպոզիտորը ԱՐԱՄ ԵՂԻԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էր …

«Ես երկար կհիշեմ երաժշտության, ծիծաղի, պարի, երգի, ոգեշնչող զգացմունքների հիանալի գիշերը հայ մեծանուն Առնո Բաբաջանյանի մոսկովյան տանը»:-Ասել էր Վիլյամ Սարոյանը իր այցից հետո:

«ԻՆՉ ԷԼ ԳՐԵՄ , ՍՏԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԵՑԻ»

Առնո Բաբաջանյանն անչափ նրբանկատ էր նաեւ ազգային պատկանելությանը վերաբերող հարցերում: Նա հետեւում էր հայկական բոլոր ավանդույթներին եւ որդուց պահանջում էր իր մտքերը միայն մայրենի լեզվով շարադրել: Չլսելու դեպքում որդուն կարող էր չափալախել, քանի որ Առնո Բաբաջանյանը դաստիարակության հարցում խիստ էր: Հայերենով շփվելու խնդիրն առանձնապես հրատապ դարձավ, երբ ընտանիքը Մոսկվա տեղափոխվեց: Այս պատճառով որդին ստիպված էր հայերեն խոսքը կրկնապատկված գործածել Հայաստանում ամառային արձակուրդներն անցկացնելիս: Բաբաջանյանն անգամ վիրավորում էր երեւանցի երեխաների ծնողներին, որոնք իր Արայիկի հետ հայերեն չէին շփվում: Կոմպոզիտորն իր արմատների մասին երբեք չի մոռացել եւ դա թույլ չէր տալիս նաեւ իր մտերիմներին: Երբ Մոսկվայում 4 տարեկան Արայիկին հարցրել են՝ ինչ ազգության է պատկանում, երեխան պատասխանել է, որ հրեա է, քանի որ ոչ մի ազգության մասին պատկերացում չուներ, իսկ մոսկովյան շենքի բնակիչները հիմնականում հրեաներ էին: Դրանից հետո նա ստացավ հոր հերթական չափալախը եւ միայն հետո՝ պարզաբանումը, որ ինքը Հայ է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։