Սարգիս Ստեփանյան «Բազկամարդը»
«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։ Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։ Շատերն են նրա շնորհիվ վերագտել իրենց, կրկին հուսավառվել, պայքարել ու դարձել պրոֆեսիոնալ, ռեկորդակիր մարզիկներ:
«Բազկամարդը» առանց էմոցիաների գիրք է, զգացմունք չկա, որպեսզի ընթերցողը ընկալի բուն խորհուրդն ու ուղերձը, որ դժբախտություն ապրած ընտանիքն այդ ամենում մոտիվացիա գտնի, կարողանա տեսնել, որ մեր օրերում կա կենդանի օրինակ, որը հաղթահարել է ամենադժվարինն ու ապացուցել, որ դա անել կարող են նաեւ մյուսները: Գիրքը Սարգիս Ստեփանյանի մարդկային կերպարի, կյանքի ու գործունեության մասին է, իսկ հեղինակը ցանկացել է, որ ընթերցողն ընթերցի ոչ թե միայն հաճույքի համար, այլեւ գտնի այն ուղին, որը փնտրում է:
«Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է, սակայն վերաբերվում է բոլորին, քանի որ ապրելու, կյանքը սիրելու, ժպտալու, չհանձնվելու, չընկճվելու մասին է, այն մասին, որ մինչև կորցնելն է անհրաժեշտ գնահատել ունեցածդ: Շատ լավ ուղերձներ ունի, որոնք հատկապես հիմա անհրաժեշտ են մեր ազգին» Սարգիս Ստեփանյանն:
Գրքի հեղինակի խոսքով՝ «Բազկամարդը» մոտիվացիա է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար, պետության համար և, առհասարակ, բոլորի. «Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա առաջ շարժվել, որքան էլ հանդիպած լինի մեծ ողբերգության։ Ընթերցելով գիրքը՝ պետք է հասկանալ, որ բազմապատիկ հարվածներ ստացած մարդը, եթե կարողացել է այսքան առաջ շարժվել, ամուր կամք ունենալ, ուրեմն յուրաքանչյուր ոք կարող է»։
Կամք, պայքար ու առաջ շարժվելու ձգտում․ զինվորական և անկոտրում կամքի տեր մարտիկ Սարգիս Ստեփանյանի անցած ճանապարհն է, որը հավաքել և մի տեղում ամփոփել է ռազմական լրագրող Դավիթ Դավթյանը։