Հայոց Մեծ Եղեռն-106 Աննի Ռոման «Հայաստանցի մեծ մայրիկս»
«Այս գիրքը սովորական գիրք չէ, այլ մեր ազգի արդար պահանջատիրությունը: Այն մեր այսօրվա «զինվորն» է, որ պետք է կռվի հանուն ճշմարտության և մարդկային արդարության»:
Աննի Ռոմանին գրիչ վերցնելու է դրդել, ինչ խօսք, մեծ մօր փոքրիկ նոթատետրը, որ նա մահուանից յետոյ գտել է մօրեղբօր անձնական իրերում: Այդ նոթատետրում Սրբուհին մերթ հայերէն, մերթ ֆրանսերէն գրառել է այն ամենը, ինչ տեսել, ինչի շուրջը խորհրդածել է 1915-1921 թուականներին: Աննիի մեծ մայրը դեռեւս Նազարեթում՝ միանձնուհիներից է ֆրանսերէն սովորել, այն տարիներին, երբ հայրը որպէս Օսմանեան կայսրութեան ճարտարագէտ, Պաղեստինի երկաթուղու շինարարութիւնն է նախագծել:
Մեծ մայրիկի պատմութիւնը եղերական է: Հայ մայրերի նորածիններին, որոնց թւում եւ Սրբուհու դստրիկին, վերացնում են թունաւորուած ծծակով, ամուսնուն սպանում են ջարդի հէնց առաջին օրը: Փոքրիկ Աննին տատի՝ 1915-ի վերյուշերը հանդուրժում է, որովհետեւ բարեպատեհ աւարտին վստահ է: Մեծ մայրը ողջ է, կողքին է, ողջ է նաեւ նրա որդին՝ քեռի Ժիրայրը, ում կեանքը փրկելու համար աքսորի ճանապարհին մայրը ապաւինել է մի թուրք գեղջկուհու: Մօր ու չորս տարեկան տղեկի բաժանման պահը գրքում ամենացնցողն է: Ժիրայրը գտնւում է աւելի ուշ, երբ ռուսական բանակը հիւսիսից Թուրքիա է մտնում, ու ռուս զինուորները հայ որբերին հաւաքելով, Կովկասի ապահով որբանոցներն են տեղափոխում:
Հայոց ցեղասպանութեան մասին պատմող գիրքը ընկճելուց բացի այլ բնոյթ կարո՞ղ է ունենալ: Այո՛, ի հարկէ: Այն կարող է լինել առինքնող, անկեղծ ու զարմանալիօրէն խաղաղարար: