«Բջջային հեռախոսները մեր կյանքում» Բանավեճ Համագործակցություն «Positive-IMPACT» ակումբի հետ

Սյունիքի մարզային գրադարանի մանկական բաժնում տեղի ունեցավ միջոցառում-բանավեճ «Բջջային հեռախոսները մեր կյանքում» թեմայով: Մասնակիցները ներկայացան երեք թիմերով՝ «Դեմ» (Կապանի թիվ 7 հիմն. դպրոց), «Կողմ» (Կապանի թիվ 1 հիմն. դպրոց), «Չեզոք» (Կապանի թիվ 13 հիմն. դպրոց): «Դեմ» թիմը նշեց, որ դպրոցում բջջային հեռախոս ունենալը շեղում է աշակերտների ուշադրությունը՝ առաջացնելով անհարգալից վերաբերմունք ուսուցչի հանդեպ, խլում է ժամանակ, որի ընթացքում մարդը կարող է ավելի կարևոր և լուրջ բաներով զբաղվել, նվազեցնում է շփումը շրջապատի հանդեպ, հեռախոսի խաղերն ու այլ ծրագրեր թմրեցնում են երեխաների ուղեղը, առաջացնում են հիվանդություններ: «Կողմ» թիմը նշեց,որ ապրելով 21-րդ դարում, առանց բջջային հեռախոսի հնարավոր չէ, քանի որ դպրոցում, դասաժամերին լինում են պահեր, որ պետք է համացանցի միջոցով տեղեկույթ իմանալ ինչ-որ բանի մասին, իսկ այստեղ օգնության է գալիս հեռախոսը, այն փոխարինում է նաև շատ սարքերի՝ տեսաձայնագրման, տեսանկարահանման, սկանավորման և այլնի համար, ինչպես նաև հաղորդակցման միջոց է: «Չեզոք» թիմի նպատակն էր բանավիճել թիմերի հետ հոգեբանություն առարկայի և բջջային հեռախոսի շուրջ: Հոգեբանությունը մի գիտություն է, որն ուսումնասիրում է մարդու հոգեկան աշխարհը: «Չեզոք» թիմը կարողացավ սպառիչ հակասել և փաստարկել երկու թիմերին՝ եզրահանգելով, որ բջջային հեռախոսն անհրաժեշտ է թե՛ դպրոցում, թե՛ դրսում: Անաչառ ժյուրին ամփոփեց արդյունքները և կայացրեց արդար որոշում՝ ամենայն մանրամասն հետևելով խոսքի հստակությանը, խոսքի և լեզվի մաքրությանն ու ժամանակի տևողությանը: Եվ այսպես՝ «Կողմ» (Կապանի թիվ 1 հիմն. դպրոց) և «Դեմ» (Կապանի թիվ 7 հիմն. դպրոց) թիմերն արժանացան հավաստագրերի Կապանում գործող «Positive-IMPACT» երիտասարդական ակումբի կողմից կազմակերպված «Նոր սերունդ, նոր մտքեր» ծրագրի շրջանակներում իրականացված բանավեճին մասնակցելու համար: «Չեզոք» (Կապանի թիվ 13 հիմն. դպրոց) թիմը՝ որպես հաղթող թիմ արժանացավ մրցանակի և հավաստագրի: Բանավեճն անցավ հետաքրքիր և առողջ մրցակցային մթնոլորտում: Շնորհակալություն ակումբի հիմնադիր-ղեկավար Լիլիթ Ներսեսյանին, խմբի ավագներ Հարութ Բաղդասարյանին, Մարիա Մելիք-Քարամյանին, Ալյոնա Իսաջանյանին և մյուս անդամներին նման նախաձեռնության և համագործակցության համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։