Գարեգին Նժդեհ. Ազգային մտածողության կերտողը

Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի պատմության ամենախոշոր ռազմաքաղաքական գործիչներից մեկն է: Նրա մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը: Գարեգին Նժդեհը Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիրն է: Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը:

*Ա. Բունիաթյան-Գարեգին Նժդեհի վերադարձը

Այս գիրքը Գարեգին Նժդեհի ոգեկիր աճյունի հայրենադարձության և նժդեհյան ուխտագնացությունների հանգամանալից տարեգրությունն է  (1983-2007թթ.)՝ տոգորված ցեղանվեր շնչով և ապագայամետ իմաստավորումներով:

*Գարեգին Նժդեհ-Բանտային կյանք, նամակներ, գրառումներ

Սույն գրքում ներկայացված են՝ Նժդեհի բանտային կյանքի մասին առավել կարևոր փաստաթղթերն ու արձանագրությունները: Բանտային նամակներ հարազատներին: Բանտային գրառումներ : «Իմ ուրախությունն ու վիշտը մի հատիկ անուն ունեին՝ Հայաստա՛ն: Երբ կյանքիս մայրամուտին ինձ չհաջողվեց իբրև զորական կռվել ու մեռնել հայ հողի համար, վճռեցի մեռնել բանտում՝ իբրև նահատակ: Այս ապրումներով 1948-ի ամռանը փոխադրվեցի հեռավոր հյուսիս: Ուժասպառ էի, բայց ոչ ոգեսպառ: Ապրում էի նահատակի կրքոտությամբ և ուրախությամբ: Ճիգ էի անում մնալ ոտքի վրա և մեռնել գիրքը ձեռքիս»: Գարեգին Նժդեհ

«Որպեսզի չմեռնեմ, ի ուրախություն թուրքերի, սովետական բանտում, ես գրի եմ առնում իմ մտածումները. դա ուժ է տալիս հաղթահարելու իմ ողբերգությունը»:  Գարեգին Նժդեհ

*Գարեգին Նժդեհ- Էջեր իմ օրագրից

Աշխատությունն առաջին անգամ գրքույկի տեսքով լույս է տեսել Կահիրեում 1924թ., իսկ  «Բաց նամակներ հայ մտավորականությանը» աշխատությունը՝ Բեյրութում՝ 1929թ.: Գիրքը նվիրվում է 2020թ. Արցախյան ազատամարտի՝ ՈՄԱ գումարտակի անմահ հերոսների վառ հիշատակին և Թաղավարդ գյուղի 20-րդ դիրքի կամավորներին:

…Որպեսզի ցեղդ ու հայրենիքդ ապրեն, նրանց համար մեռնելու կամք ունեցի՛ր…:

*Համբարձումեան  Ռաֆայէլ-Գարեգին Նժդեհ Կենսատարեգրություն, Մտամասունքներ

Գրքույկում ամփոփված Գարեգին Նժդեհի կենսատարեգրությունն ու նրա վարքի առանցքային դրվագների նորությունները, նաև ինչպես նրա մասին հրատարակված, այնպես էլ իր տպագիր ու հոդվածների առավել ամբողջական ցանկերն ու ասույթների ընտրանին աշխատությունը դարձնում են նրա վարքն ու ժառանգությունը ներկայացնող տվյալների, փաստերի ու գիտելիքների հանրագիտակ՝ նժդեհագիտարան:

*Վարդան Աթոյան-Գարեգին նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը  

Գիրքը ներկայացնում է հայ անվանի զորավար, անզուգական մտածող, փայլուն պետական ու քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի անցյալ դարի 30-ական թվականներին Սփյուռքում իրականացրած ազգանվեր գործունեությունը, մասնավորապես՝ նրա կողմից սկզբնավորված Ցեղակրոն և Տարոնական  շարժումների պատմությունը, դրանց նախաձեռնման պատմական անհրաժեշտությունն ու գաղափարախոսությունը, ինչպես նաև՝ փորձ է կատարվում ներկայացնել Նժդեհի տեսական ժառանգության՝ որպես մի ամբողջական ազգային գաղափարախոսության, արդիականությունն ու կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

*Համբարձումեան  Ռաֆայէլ-Ղարաքիլիսայի ճակատամարտը՝ յաղթանակի վերածող ոգի:

Գիրքը նվիրվում է Ղարաքիլիսայի անզուգական հերոս-նահատակ Գուրգեն Տեր-Մովսիսեանի յիշատակին:

*Գարեգին Նժդեհ-«Որդիների պայքարը հայրերի դեմ»

Գարեգին Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատությունը ազգային սերնդակերտման և վերածննդի բանալի է, որն առավել քան անհրաժեշտ է այսօր՝ դարակազմիկ իրադարձությունների հորձանուտում հերթական անգամ հայտնված հայության համար: Ցեղի Ոգու Պատգամախոսի այս աշխատությունը հասցեագրված է հայ երիտասարդությանը:

*Գարեգին Նժդեհ-«Հիշի՛ր պատերազմը»

Հոդվածաշարն առաջին անգամ լույս է տեսել Բոստոնի «Հայրենիք» օրաթերթում 1930 թ.-ի մայիս, հունիս ամիսներին։ Գրքույկի տեսքով առաջին անգամ հրատարակվել է դասական ուղղագրությամբ 2013 թ. Երևանում՝ «Հայրենիք» ակումբի կողմից, որի հիման վրա վերահրատարակվում է այս գրքի տեսքով՝ արդի ուղղագրությամբ: Նժդեհի «Հիշի՛ր պատերազմը» աշխատության որոշ հատվածներ տեղ են գտել «Հայ դասական արիությունը» հոդվածաշարում և «Ցեղի ոգու շարժը» գրքույկում: Այս հրատարակության մեջ ներառված են նաև Գարեգին Նժդեհի «Խուստուփյան կանչեր» գրքույկը և հրամանները՝ «Հատընտիր» երկերի ժողովածուից վերցված դասական ուղղագրությամբ տեքստի հիման վրա՝ արդի ուղղագրությամբ:

*Գարեգին Նժդեհ-Ասույթներ

Գրքույկում մեկտեղվել են Գարեգին Նժդեհի ասույթները Բանտային կյանք, նամակներ, գրառումներ: 

. Հայաստան և ճշմարտություն-ահա՛ իմ աստվածությունները:

. Չի կարելի մարել այն, որն էությամբ անմարելի է՝ հայկական ոգին:

. Բավական չէ իր Ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել:

. Քաջերի հարությունն է մահը:

.Անկրոն էակը հրաշունչ զինվորը չի դառնա:

.Ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս կարող է հերոս լինել:

.Վայ այն զինվորին ու զորքին, որն իր ղեկավարների աչքերի մեջ բոց,շարժումների մեջ` վճռականություն,սրի ծայրին շանթ չի տեսնում. դատապարտված է նա:

. Թեև արդիական զենքերը մաթեմատիկական զենքեր են, բայց և այնպես բանակների ճակատագիրը որոշողը այսօր էլ, վաղն էլ և հավիտենապես կմնա մարդկային ոգին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով