Հանդիպում սյունյաց բանաստեղծ Մարի Առաքելյանի հետ

Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում «Վերջը քո մի բուռ հողինն եմ» խորագրի ներքո, տեղի ունեցավ հանդիպում սյունյաց բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Մարի Առաքելյանի հետ:

Որպես կենսագրական՝  բանաստեղծը այսպես է ներկայանում.

Կյանքի բոլոր խաղերի մեջ՝ տառապանքից խրախճանք,

Ես ընտրեցի ճամփան լույսի՝ արքայությունը հոգու,

Ընթանում եմ՝ ջղաձգված իմ երգերով, խելառ դարին համընթաց,

Ինձ չդատեք ընթացքի մեջ. հավերժությանն եմ միտված…

Տիկին Մարին բանաստեղծել է 12, տպագրվել՝ 14 տարեկանից: Ունի տպագրված՝, «Վերջը քո մի բուռ հողինն եմ» բանաստեղծությունների ու պատմվածքների ժողովածուն և համահեղինակել է նաև բազմաթիվ գրքեր, որոնց մեջ հիշարժանը, թերևս՝ լավագույն բանաստեղծների, հայրենասիրական լավագույն գործերի հավաքածուն է՝ ալմանախը՝ նվիրված Հայոց  Մեծ եղեռնի 100-ամյակին: Նա գրում է նաև մանուկների համար: Այդ գործերից ներառված են՝ «Սյունիքի գրողները մանուկների մասին»գրքում:

«Մարին վարպետորեն կարողանում է այսօրիկ մեր կյանքին խառնել մի քիչ աղմուկ, մի քիչ ցասում, նշխարի չափ սեր, մայրական մի պտղունց ատելություն, վերջում հայրենիքի սեր, կյանք, հետո՝ ոճ»: Ռոլանդ Շառոյան

 Մարի Առաքելյանը բանաստեղծ է, ով ունի խոհափիլիսոփայական ուղղվածություն, ում պոեզիան ողողված է հասուն և իմաստուն մտքերով, որտեղ հայրենասիրությունը, ցավն ու ըմբոստությունը միահյուսվել են իրար:

 Տիկին Մարիին ներկայացրեց գրադարանի աշխատակից Հասմիկ Թորոսյանը, երաժշտական կատարմամբ իր ողջույնը հղեց Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երաժիշտ-մանկավարժ Թերեզա Հովհաննիսյանը, ասմունքով հանդես եկավ Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արթուր Գաբրիելյանը: Ստեղծագործություններից կարդաց նաև հեղինակը՝ Մարի Առաքելյանը՝ ում շնորհիվ պոեզիայի ոգով էին համակվել նաև հյուրերը: Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետարանի ԿԳՄՍ վարչության պետ Մերի Գանդալյանը,  «Տավերս» ՀԿ նախագահ Գրիշա Սմբատյանը, «Ծիածանառաջնորդների կրթական կենտրոն»-ի համահիմնադիր Սուսաննա Մարտիրոսյանը, «Մենք ու մենք» կենտրոնի հիմնադիր Սոնա Մելիք-Քարամյանը,  գրող Արթուր Պատվականյանը, բժշկուհի, գրող Նունե Արզումանյանը, Արվեստի պետական քոլեջի թատերարվեստի բաժնի ուսանողներ, համայնքային գրադարանի աշխատակիցներ, լրագրողներ, մանկավարժներ: Միջոցառումն անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով