Ագաթա Քրիստի «Դիակը գրադարանում» և «Մահ ամպերի մեջ»

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել:

Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» վեպը միսս Մարփլի մասնակցությամբ ստեղծագործությունների շարքից է: Սյուժեն ծավալվում է Բանթրիների գրադարանում հայտնաբերված խորհրդավոր դիակի շուրջը: Գնդապետ Մելչեթը, տեսուչ Սլեքը, ոստիկանապետ Հարփերն ու սըր Հենրի Քլիթերինգը սկսում են հետաքննությունը:

Բանթրի ամուսինները արթնանում են հուզված սպասավորի ձայներից. սպասավորը գրադարանում գտնում է երեկոյան զգեստով երիտասարդ աղջկա դիակ։ Սպանվածը տան անդամներից ոչ մեկին ծանոթ չէր և թե ինչպես է հայտնվել այդտեղ՝ անհայտ է։ Միսիս Բանթրին հրավիրում է Միսս Մարփլին՝ հույս ունենալով, որ նա կգտնի գաղտնիքը։

Բժշկի եզրակացությամբ, մահը վրա է հասել կեսգիշերին։ Սպանվածը Ռուբի Կինն է՝ «Մաջեստիկ» հյուրանոցի պարուհին։ Մարմինը ճանաչում է մորեղբոր աղջիկը, որը նույնպես աշխատում է նույն վայրում։ Ոստիկանությունը հյուրանոցում սկսում է հետաքննությունը։ Հյուրանոց են գնում նաև Միսիս Բանտրին և Միսս Մարփլը, մինչդեռ ճշմարտությունը բացահայտել հաջողվում է միայն միսս Մարփլին:

«Մահ ամպերի մեջ» վեպն Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ ստեղծագործություններից է: Առաջին անգամ լույս է տեսել 1935թ. մարտի 10-ին ԱՄՆ-ում՝ «Մահ օդում» վերնագրով, ապա նույն թվականի հուլիսին՝ Մեծ Բրիտանիայում՝ արդեն հանրությանը հայտնի վերնագրով: Իրադարձությունների կիզակետում կրկին ընթերցողին քաջ հայտնի բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն է, որը հանգամանքների բերումով հայտնվում է այն ուղևորների շարքում, որոնք ակամա դառնում են մադամ Ժիզել կեղծանվամբ հայտնի վաշխառուի առեղծվածային սպանության վկաները: Հենց այդ փաստն էլ ստիպում է հռչակավոր խուզարկուին հանձն առնել խորհրդավոր գործի հետաքննությունն ու պարզել՝ ով կարող է կանգնած լինել դաժան սպանության հետևում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։