Ջոջո Մոյես «Աստղեր նվիրողը»
Ջոջո Մոյեսն այն եզակի գրողներից է, որը երկու անգամ արժանացել է ռոմանտիկ արձակագիրների ասոցիացիայի կողմից կազմակերպված՝ «Տարվա ռոմանտիկ նովել» մրցանակին։
«Աստղեր նվիրողը» բեսթսելերի հիմքում իրական պատմություն է Packhorse library project շրջիկ գրադարանի ու հինգ գրադարանավարուհիների մասին, որոնք ձիերով շրջում էին Քենթաքիի (Կենտուկիի) լեռներում և գրքեր տանում տեղի բնակիչներին: 1935-1943թթ. նրանք գիրք են հասցրել ավելի քան 100000 բնակչի և սպասարկել են 155 դպրոցներ:
Վեպում պատմվում է ճգնաժամային տարիներին Ապալաչներում գտնվող Քենթաքի լեռներում ապրող մարդկանց կյանքից մի իրադարձության մասին, որը հյուսվում է վեպի գլխավոր հերոսուհու՝ Էլիսի ամունության պահից սկսած։ Անգլիայի իր միապաղաղ կյանքից խուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։ Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը` նոր հիմնված շրջիկ գրադարանում։ Այն Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։
Գրքի հերոսուհիներից յուրաքանչյուրի կյանքը յուրովի հարուստ է ապրումներով` տառապանքից մինչեւ երջանկության, բերկրանքի ակնթարթներ, հուսահատությունից մինչեւ համառ պայքար, հիասթափությունից՝ անմնացորդ սեր։
Սիրո, ամեն ինչ նոր կետից սկսելու, իրական ընկերության մասին զվարճալի, հուզիչ ու հրապուրիչ այս վեպը իսկական նվեր է նոր զգացողություններ փնտրողների համար:
Հեղինակը հեքիաթային գեղեցկությամբ էլ ավարտում է գիրքը՝ փոխհատուցելով ընթերցողի ամբողջ ընթացքում զգացած գերլարվածությունն ու հույզերը։ Վերջաբանը ողողում է սիրով ու լավատեսությամբ։