Եղիշե Չարենց. Ինչպե՞ս են սպանել Չարենցին… Հիշատակի օր.

Ինչպե՞ս են սպանել Չարենցին… Փորձագետներից շատերը համոզված են, որ Չարենցի դեմ ծավալված պայքարի գլխավոր դերակատարը բանաստեղծ Գևորգ Աբովն է եղել: Նա Չարենցի մասին ասում էր. «Ընկերներ, մեզ բոլորիս համար պարզ է, որ Չարենցն ունեցել է նացիոնալիստական ռեակցիոն տրամադրություն, դա դաշնակցական կոնցեպցիա է»: Մնացածը հստակ է: Եղիշե Չարենցը պիտի դատապարտվեր կալանքի և մահվան: Այս ծանր ժամանակաշրջանում Ավետիք Իսահակյանն այցելում է Չարենցին և նրա տանն ականատես լինում շատ տխուր մի տեսարանի: Նրա ընտանիքի անդամները ծանր վիճակում էին, Չարենցը կտրված էր նյութական հատկացումներից, ինչի հետևանքով նրա կինն ու երեխաները կարիքի մեջ էին: Նման պայմաններում Չարենցը ստիպված էր վաճառել իր գրասեղանը, գրքերը և մի շարք իրեր: Չարենցն արտասվում էր…Անտանելի ցավերի պատճառով նա ստիպված էր ամեն օր դեղեր ընդունել: Նրա դեղերը վերջացել էին, ցավերից գալարվում էր: Կինը՝ Իզաբելլան, խնդրում է Իսահակյանին, որ այդ դեղերից հայթայթի: Իսահակյանը խոսք է տալիս և կատարում է իր խոստումը: Որքան էլ շատերին զարմանալի թվա, ըստ որոշ վկայությունների, այդ դեղ կոչվածը մորֆի էր: Ամենամեծ ցավը հենց այդ գրասեղանի վաճառքն էր, որի վրա ամեն օր Չարենցը գրում էր այն գործերը, որոնք պիտի դառնային հայ գրականության նշանավոր էջերը: Իր գործերի մեջ նա իր հոգին էր դրել, դրա համար էլ լաց եղավ, երբ ստիպված եղավ վաճառել այդ հասարակ, բայց և այնքան թանկ ու հարազատ իրը:1937թ.-ի հուլիսի 26-ին Չարենցին հանում են տնային կալանքից ու տանում բանտ: Նա մեղադրվում էր խորհրդային իշխանության դեմ պայքար մղելու համար: Բանտում էլ շարունակում էր ստեղծագործել: Իսկ նույն թվականի հոկտեմբերի 6-ին կնոջը գրում է. «Ամուր եղիր, հարազատս, եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը»: Իզաբելան ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա.Միկոյանին նամակ է գրում և խնդրում ազատել Չարենցին՝ հաշվի առնելով նրա անմեղությունն ու առողջական վիճակը: Ըստ որոշ տվյալների՝ Բերիայի վարձկան լրտեսների «թեթև ձեռքով» այդ նամակն անգամ հասցեատիրոջը չի հասել: Չարենցի օգտին գրված բոլոր նամակները հետագայում գտնում են Բերիայի գրասեղանի գզրոցում:Նույն թվականի նոյեմբերի 27-ին հաղորդվում է, որ Չարենցը մահացել է բանտում, որտեղ էլ դիահերձվել է: Սակայն դրանից մեկ ամիս առաջ նա Իսահակյանին գրում էր, որ հոգով պայծառ է ու առույգ: Եթե նա մահացել է նման հանգամանքներում, ապա ինչո՞ւ նրա մարմինն օրինավոր չհուղարկավորվեց, որևէ կոնկրետ տեղում չհանձնվեց հողին: Սա շատերին հիմք է տալիս կարծելու, որ նա նման հանգամանքներում չի մահացել: Չարենցի ծննդյան հարյուրամյակի առիթով «Մոլորակ» հանդեսում լույս է տեսնում մի հոդված «Ո՞վ սպանեց Եղիշե Չարենցին» խորագրով: Հոդվածում նկարագրվում է, որ Սամսոն Ստեփանյան անունով մի մարդ, ով գնդապետ էր և արժանացել էր Լենինի շքանշանի, եղել է Չարենցի դահիճներից մեկը: 1937թ.-ի նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան կոմիսար Մուղդուսի գլխավորությամբ, ով նաև կազմակերպել էր Վահան Թոթովենցի սպանությունը, Չարենցը հանվում է Երևանի իր բանտախցից և տեղավորվում մեքենայի մեջ: Մահմեդ անունով վարորդը վարում է մեքենան, որի մեջ էին Մուղդուսին, Չարենցը, Սամսոն Ստեփանյանը և մի բժիշկ:Գնում են դեպի Ֆանտան գյուղը: Ցուրտ էր, Չարենցը մրսում էր: Զգում էր, որ տանում են սպանելու: Մերժում է առաջարկված վերարկուն: Ֆանտանի կամրջի մոտ կանգնում են, իսկ ձորաբերանի մոտ գյուղացիներն արդեն փոս էին փորել, իբրև սյուն տեղադրելու նպատակով: Փոսի մոտ Մուղդուսին արձակում է հրամանը. «Սամսոն, վերջացրո՛ւ սրան»: Կրակում են Չարենցի ծոծրակին և գցում փոսի մեջ: Բժիշկը վկայում է, որ թեև մարմինը դեռ տաք է, բայց նա դադարել է շնչել: Հողով ծածկում են փոսը, հարթեցնում տեղը: Այս պատմությունը հետագայում՝ 1970թ.-ի սեպտեմբերի 3-ին, Սամսոն Ստեփանյանը պատմել է իր եղբոր դստերը և նրա ամուսնուն՝ Մայիս Հայրապետյանին: Վերջինս էլ այս վկայությունը հրատարակել է «Մոլորակ» հանդեսի 1997թ.-ի մարտի 18-ի համարում:

Հետաքրքիր փաստեր

1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:

— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապարհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:

Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով՝ ասում է.
— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը…
— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
— Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

Մեծերը Չարենցի մասին

Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն նորարարը: Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ երբեք չմոռանալու պայմանով:
Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:
Պարույր Սևակ

…Չարենցի անունը պայթեց ռումբի նման:
…Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղրշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ:
Գուրգեն Մահարի
Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա:
Ակսել Բակունց

Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր և մեծ ճաշակի տեր էր…
Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…
Ավ. Իսահակյան

Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը:
Լուի Արագոն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։