Առյուծածին Տիրուհու և Սյունյաց Արծվի մասին

Գարեգին Նժդեհի մայրը՝ Տիրուհի Գյուլնազարյանը ամուսնացել է նույն գյուղի՝ Կզնուտի հոգևորական Տեր Սահակ Տեր-Հարությունյանի որդի Եղիշեի հետ։ Նրանց ամուսնությունից ծնվում են 4 երեխա. 2 դուստրերը՝ Անիկն ու Ցոլինեն, և 2 որդի՝ Լևոնն ու Գարեգինը: 1888 թվականին, երբ երեխաներից ավագը՝ Անիկը 11, իսկ կրտսերը՝ Գարեգինը 2 տարեկան էր , մահանում է ընտանիքի հայրը։ Կիսաորբ երեխաներին մեծացնում է մայրը։ Գարեգին Տեր-Հարությունյանին բարձրագույն ռազմական կրթություն օգնում է ստանալ նրա ազգականներից մեկը՝ Ցոլակը, որը այդ ժամանակ ցարական բանակի սպա էր։ Երբ աղջիկներն ամուսնանում են, Տիրուհին ապրում է ավագ որդու՝ Լևոնի հետ, որը Ջուղայում ուսուցիչ էր։ 1920-ականներին , երբ Գարեգինն արդեն արտասահմանում էր, իսկ երկրում իշխանության էին եկել բոլշևիկները, Լևոնին մոր հետ աքսորում են Սիբիր։ 3 տարի անց նրանց թույլատրում են վերադառնալ, բայց Վլադիկավկազ։ 1937 թվականի աշնանը Լևոնի ավագ դուստրը՝ Օլգա Տեր-Հարությունյանը , գնում է հանգստանալու Դիլիջանում ու Տիրուհուն տանում է իր հետ։ Բայց մի քանի ամիս անց Տիրուհու առողջությունը կտրուկ վատանում է ու 1938 թվականի փետրվարի 21-ին նա մահանում է։ Այն վայրը , որտեղ ամփոփված է եղել Տիրուհի Գյուլնազարյանի աճյունը , երկար տարիներ անհայտ է եղել և միայն 2001 թվականին՝ Գարեգին Նժդեհի ծննդյան 115-ամյակի առթիվ Դիլիջանի քաղաքապետարանի ու «Նախիջևան» միության նախաձեռնությամբ գտնվեց Նժդեհի մոր գերեզմանը , որն այսօր ուխտատեղի է դարձել։ Գտնվում է Դիլիջանի հին գերեզմանոցում: Հայտնի է, որ Գարեգին Նժդեհը հասուն տարիքում գրեթե չի ապրել մոր հետ։ Սակայն ինչպես վկայում են «Առյուծածին մայրեր» ու «Բանտային գրառումներ» գրվածքները, մոր լուսավոր կերպարը միշտ ուղեկցել է Նժդեհին։

*ՄԱՅՐ անունը պիտի դառնա ու մնա սրբազան մենաշնորհը միայն և միայն հայրենակրոն մայրերի, և ոչ թե բոլորի: Իրենց որդիներով պիտի ճանաչել և գնահատել կանանց:

*Ամեն ինչ` սեր, խնամք,ակնածանք հայրենասեր մորը:

*Եվ ամեն ինչ հայրենասեր մորից` հերոս որդիներ, հաղթական դափնիներ, անկախ Հայրենիք: Գ.Նժդեհ

Գարեգին Նժդեհ (Գարեգին Տեր-Հարությունյանը)  ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Գյուզնութ) գյուղում։ Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում՝ ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ 17 տարեկան հասակից միացել է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ թողել է ուսումը և ամբողջովին նվիրվել հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ 1906 թվականին մեկնել է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվել է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադարձել է Հայաստան-Հայկական Լեռնաշխարհ։

 *Հայազգի ռազմաքաղաքական, պետական գործիչ, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից՝ Գարեգին Նժդեհ։

Ասույթներ և մեջբերումներ Գարեգին Նժդեհի գրքերից

*Ասել է՝ մեզ, մեր ժողովրդին վիճակված է մի օր կենաց ու մահու կռիվ մղելու համիսլամ երկրների՝ մեր վրայով իրար միանալու ձգտման դեմ: Դժվարի՛ն պայքար:

*Բացե՛ք քարտեզը և ձեր տեսողությունը սևեռե՛ք այն փոքրիկ տարածության վրա, որը կազմում է այսօրվա Հայաստանը՝ Արարատյան դաշտի մի մասը և Սյունյաց երկիրը: Գարեգին Նժդեհ

*Եթե Հայաստանի աշխարհագրական դժբախտ դիրքի և նրա փոքրիկ ծավալի հետ հաշվի առնեք նաև մեր ժողովրդի քանակը, նրա հատվածականությունը, նրա քաղաքական իդեալը, նրա և իր իսլամ հարևանների փոխհարաբերությունների առանձնահատկությունը, ձեզ համար իր բովանդակ սպառնալիությամբ կպարզվի մեր ժողովրդի վտանգված ապագան: Գարեգին Նժդեհ

*Քսան երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչև մեր օրերը, և, ավա՜ղ, խաղաղության, եղբայրության ու սիրո Ուսուցչի աստվածաշունչ խոսքը շարունակում է մնալ որպես «ձայն բարբառոյ յանապատի»: Գարեգին Նժդեհ

*Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում՝ նրանց պակասի պատճառով:

*Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ որ մի մարմին՝ առանց հոգու:

*Հայրենասիրությամբ հարուստ ժողովուրդը դեպքերի խաղալիքը չէ, այլ նրանց հրամայողը: Գարեգին Նժդեհ

*Ինքնապաշտպանություն – դա միակն է արվեստներից, որի թերությունները գրչի, վրձնի, մուրճի փոխարեն սրբագրում է թշնամու արնոտ սուրը:

*Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ իր բազուկի, իր զենքի վրա: Իր ուժերից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:

*Եղի՛ր բացարձակ: Եվ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել՝ նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել: Այսպես է պատգամում իմ մարգարեն իր աստվածաշունչ խոսքը, եւ հոգիս, նրա հրեղեն պատգամներին գերի, վեհորեն իր թեւերն է պարզում: «Խուստուփյան Կանչեր»

Եղի՛ր ազատ: Գիտակից ստրուկի եւ հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդեալիդ առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր: «Խուստուփյան Կանչեր»

«Քրքրեցեք մեր պատմությունը և պիտի տեսնեք թե Արևելքի և ոչ մի բռնակալ այնքան չարիք չի պատճառել հայ ժողովրդի դեմ,որքան իր մելիքի,իր իշխանի իր թագակրի նախանձը:

…Այո՛,ոչ մի արտաքին թշնամի այնքան անգթորեն չի հարվածել մեր ժողովրդին,ինչպես իր որոշ գործիչներ: Մատնություն,դավաճանություն,եղբայրասպանություն,_ահա՛ սև գործերը նախանձի որի երեսից այնքան արյուն ու արցունք է տեսել հայ երկիրը»: Հիշիր պատերազմը

«Սյունիքը լեռներ ունի, որոնց գրավումը թշնամու կողմից կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ ոչ միայն լեռնահայության, այլև ամբողջ Հայաստանի համար: Գրավելով որոշ բարձունքներ Սյունիքում` իմ գնդերը հաջողեցան մեր լեռնաշխարհի երեսից սրբել երկու հարյուրի չափ թշնամի գյուղեր և վերացնել հայ ազգաբնակչության գլխին կախված մահմեդական վտանգը: Սյունիքը սև հողերի վերածելու նպատակով, թուրքն ու թաթարը քանիցս ձգտել են անսպասելիորեն երևալ այս կամ այն ռազմագիտորեն կարևոր բարձունքի վրա և նեղը դնել հայությունը: Կռվի միևնույն ռազմափորձային ձևերին դիմել ենք և մենք` օգտագործելով լեռներն ու բարձունքները, որպես համառ կետեր, որպես տիրապետող դիրքեր, և , ամենալավը, որպես ռազմագիտական բանալիներ: Ահա՛ թե ինչու ինձ պետք էր` հրահրելով ժողովրդի սերը դեպի իր լեռները, հաճախ կրկնել Սյունեցուն, թե հայրենի լեռների վրա է իր փրկությունը: Ահա թե ինչու իմ վարած անհավասար գոյամարտի օրերին լեռնահայության իմ տված պատվիրաններից մեկն այսպես էր հորդորում ժողովրդին. «Տաճարներիդ մեջ, խաչերիդ կողքին բարձրացրո՛ւ մի մեծ ժայռ և պաշտի՛ր դա, որ աննվազ մնա սերդ դեպի հայրենի լեռները»: «Հիշի՛ր պատերազմը»

*Եղի՛ր հպարտ: Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստի՛ր։ Ստել՝ նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ՝ նշանակում է դադարել մարդ լինելուց։ «Խուստուփյան Կանչեր»

*Ամենից զարհուրելին պարտությունը չէ, այլ պարտվողականությունը, որով բռնված ժողովուրդը լրացնում է, կատարյալ դարձնում իր թշնամու հաղթանակը: «Հիշի’ր պատերազմը»

*«Ազգերի կյանքը ժամանակաշրջաններ ունի, երբ որդիները հարկադրաբար իրենց հայրերի դաստիարակիչն են հանդիսանում: Նման մի ժամանակաշրջան է ապրում օրվա հայությունը: Երբեք, հա՛յ երիտասարդություն, մեր ազգն ու ազգայնությունը այնքան լրջորեն վտանգված չեն եղել, որքան այսօր: Ինչպես եւ երբեք մեր ժողովուրդն այն աստիճան պառակտված ու տկարացած չի եղել, ինչպես այժմ: Քո ժողովուրդը բաց աչքերով աշխատում է իր մահացու թշնամիների համար. կատարում են ամեն ինչ, որ գալիք աղետը` թրքական վտանգը, որ դամոկլյան սրի նման կախված է իր գլխին, որ վաղվա աղետը լինի անչափելիորեն մեծ, անդիմագրավելի եւ անդարմանելի, որ դա լինի «իններորդ ալիքը» մեզ համար: Մենք պառակտված ենք: Իսկ նման ժողովուրդը նվազ է ուշադրություն դարձնում արտաքին իրական, թե հավանական վտանգի վրա: Հայության հայացքն ուղղված չէ արտաքին թշնամուն, որ հարկադրված լինի չափավորելու կամ իսպառ արգելելու ներքին տարակարծությունները»: Որդիների պայքարը հայրերի դեմ — Գարեգին Նժդեհ

2 thoughts on “Առյուծածին Տիրուհու և Սյունյաց Արծվի մասին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։