«Թանկագին իմ սատանի ճուտ» Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

Պարույր Սևակը և Սուլամիթա Ռուդրիկ Ֆրիդբերգը ծանոթացել են 1957 թվականի դեկտեմբերի 1-ին, բանաստեղծ Գենիե Այգիի հարսանիքին: Այդ նույն գիշերը Սևակը սկսեց գրել իր «Երգ երգոց»-ը` նվիրելով մի կնոջ, որին տեսել էր ընդամենը մի քանի ժամ:

«Գարունն այս անգամ ձմռանը եկավ,

Այն էլ հյուսիսում.

Ես բոլորովի՜ն չէի սպասում,

Ձմեռն այս վկա»։

Սուլամիթայի նամակը՝ Սևակին

«Թանկագին իմ սատանի ճուտ,

Բոլորն աշխատանքից գնացել են, իսկ ես լուռ գրում եմ քեզ. Ճիշտ է, տկտկում է գրամեքենան, բայց և այնպես. Մի պահ, որպես ձայն… Այսօր մեր մոսկովյան բոլոր ցրտերի ցուրտն է: Սառչում է ամեն ինչ՝ և մուշտակի դրսինը, և ներսինը: Մուշտակն իմ էլի նույնն է… Ոտնաման-բեռնատարներս նույնպես…

Արդյոք ե՞րբ ես քեզ կտեսնեմ: Ձմեռ և ամառ, գարուն և աշուն… Իսկ որտեղ է տարվա հինգերորդ եղանակը: Շատ կարևորը, մեր եղանակը…

Նկատե՞լ ես դու արդյոք, որ այնտեղ, ուր ամռանը դու հանգիստ անցնում էիր ծառերի ճյուղերի տակով, հիմա գրեթե անանցանելի են, նրանք ցրտից սառչելով կուչ են գալիս, կռանում շատ ավելի ներքև, եթե մթնշաղին անցնես, ճանկռտում են դեմքդ: Իսկ եթե մտասույզ ես, դա կլինի հենց Աստծո պատիժ…

Մենք հուզմունքից թաքցնում ենք ձեռքներս, անհարմարությունից՝ ոտքերս, ինչո՞ւ մարդիկ երբեք չեն թաքցնում դեմքերը… միայն հուզմունքից և այն էլ մի րոպեով…

Շատ ցավալի է… Ցավալի է, որ քեզ ներկայացրել են մրցանակի… Նրանք, ովքեր կկարդան գիրքը, կասեն՝ ոչինչ, բայց… Իսկ ովքեր կկարողանան կարդալ ու հասկանալ քեզավարի, նրանք մրցանակներ չեն շնորհում: Եվ կրկին դու՝ ապօրինի ծնունդ, ո՞վ գիտի…

Գիրքդ չեմ կարողանում ձեռք բերել, մեզ մոտ խանութներում այն չի եղել, իսկ բազայի մի քանի օրինակները թռցրել են, այնպես որ սպասում եմ քո «հավատարմությանը»:

Շուտով քեզ սկսելու են մեզ մոտ տպագրել, այնպես որ հատուկ ընտրիր մի ոչ մեծ շարք և ուղարկիր… Կթարգմանեն կամ Մեժելայտիսը, կամ բոլոր դեպքերում, որևէ մեկը լավագույններից: Դա կկոչվի «Ժողովուրդների բարեկամություն»… ԵՎ դա կլինի քո առաջին երթը իմ ճանապարհով, դեպի ինձ:

Ես միշտ սիրում եմ քեզ, իսկ վերջերս քիչ մնաց խելքս թռցնեի… Դա, երբ դու ինձ հետ խոսում էիր ստուդիայից, քո բոլորովին անհասկանալի լեզվով, այն հազարավոր առավոտներից մեկն էր, երբ ես միացնում եմ ռադիոն և, այնուամենայնիվ, լինում են հեքիաթներ… Իսկ ես լսում ու լալիս էի. հետո իմ աշխատակիցներն ասացին՝ բանաստեղծությունից չեն լալիս… Ո՞վ գիտե, ինչից են լալիս: Լաց են լինում արցունքներից. ահա այն, ահա ձայնը. իսկ ռադիո՞ն գրկել, ի՞նչ է:

ՍԵՎԱԿԻ ՆԱՄԱԿԸ՝ ՍՈՒԼԱՄԻԹԱՅԻՆ

«Իմ ամենասիրելի, ամենամտերիմ, ամենաանհասանելի… Քո ժլատ տողերը, որքան շատ ջերմություն, սեր և կյանք են նրանք ինձ տալիս: Ես արդեն ամենևին չեմ հավատում, թե ինչ-որ տեղ կարող եմ պետք լինել, և հանկարծ քո անհաստատ, փութկոտ տողերը, բառերը… և դու կրկին համակում ես ինձ և հասնում ես սրտիս ու սկսում ես հեղափոխել այն, որը հափշտակում է ինձ ողջ-ողջ: Միևնույն է, ինձ համար բերկրանք է… »
 Լսո՞ւմ ես…
Ձայնում եմ քեզ.
Սիրելիս, հարազա՜տս, իմ Մեծ սեր:
Իմ ուրախություն և իմ ցավ:
Ամեն րոպեի իմ հիշողություն:
Էություն իմ և իմ գոյություն:
Իմ կին և դստրիկ իմ:
Իմ բարեկամ և իմ թշնամի:
Լսո՞ւմ ես ինձ:
Այս համատարած ցավի մեջ ես ամեն դեպքում երջանիկ եմ, որովհետև սիրել եմ և սիրելու եմ քեզ: Թող անցնեն տարիները, կփակեմ աչքերս, ծերունական աչքերս և կտեսնեմ քեզ այնպիսին, ինչպես տեսա առաջին անգամ: ՈՒ ես ինձ երջանիկ կզգամ այդ կենդանի երազատեսությունից: Եվ կհասկանամ, որ նույնպես ապրել եմ, քանի որ սիրել եմ և սիրել եմ այնպիսինին, որը չի սպանել իմ սերը հիասթափությամբ..Հիմա ես արտասվում եմ: Եվ այդ լացը բերկրալի է, սրբազան թախծի ու տառապալի կարոտի լաց միաժամանակ: ՈՒ ես չեմ ամաչում այն բանի համար, որ լալիս եմ:
Սուլա ջան, բալիկս, ինչ քնքշանքով կշոյեի քեզ, եթե քո թանկագին գլուխը մոտիկ լիներ: Կսիրեի հիմա միայն մատներով՝առանց բառերի, առանց գրկախառնության, առանց համբույրների: Պարզապես կշոյեի իմ թռչնակին, իմ աղջնակին….»:

Բանաստեղծի մեծ սերը` Սուլան, ներկայումս ապրում է Իսրայելում և ասում են, երբ հանկարծ որևէ մեկը անզգուշաբար նրան հարցնում է այդ մեծ սիրավեպի մասին նա պատասխանում է. <Այդ աղջիկը վաղուց չկա: Ես արդեն ուրիշ մարդ եմ, ով երբևէ ճանաչել է նրանց երկուսին` Պարույրին և Սուլային: Ես քնքշությամբ եմ հիշում նրանց: Այդ սիրո մեջ ջերմանում էին նաև ուրիշները>:

Դու իմ վերջինը թյուրիմացաբար և իմ միակը` ճակատագրով:



Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։