Միսաք Մեծարենցի թալիսմանը և ինչու՞ ճաքեց սուրբ գրությամբ փոքրիկ քարը:

1902 թվականին արևմտահայ հանճարեղ գրող Միսաք Մեծարենցն Ակնա գավառի հայրենի Բինկյան գյուղից մեկնում է հոր մոտ՝ Պոլիս` Կեդրոնական վարժարանում ուսումը շարունակելու: Այստեղ նրա ուսուցիչը Հրանտ Ասատուրն էր, որն էլ առաջինը հավատաց ու քաջալերեց Մեծարենցի բանաստեղծական մղումները: Մեծարենցը կրթվեց՝ հայոց լեզու ու պատմություն սովորեց, օտար լեզուների տիրապետեց, բայց դաժան ճակատագիրն ընդհատում է ոչ միայն երիտասարդ գրողի ստեղծագործական ծրագրերը, այլև կյանքը։ Մի անգամ, մութ փողոցում մի խումբ տղաներ, Մեծարենցին շփոթելով իրենց թշնամիներից մեկի հետ, թիկունքից դանակահարում են նրան: Այդ անհեթեթ դիպվածը մահացու հիվանդության պատճառ է դառնում։ 1905 թ.–ին Մեծարենցի առողջությունը կտրուկ վատանում է, բժիշկները թոքախտ են ախտորոշում ու խորհուրդ տալիս կիսատ թողնել ուսումը։ Թոքախտը գնալով ավելի մեծ թափ է առնում և ընկերներից մեկին ուղղված նամակում պոետը գրում է. «Թոքախտը իր բոլոր նոպաները փորձեց իմ վրաս ու հաղթական եղավ…»։Հատկանշական է, որ Մեծարենցն ամեն կերպ թաքցնում էր հիվանդությունը մորից՝ ինքն էր իր արյունոտ սպիտակեղենը րոպե առաջ լվանում, որ սիրելի մայրը չտեսնի…չվշտանա: Կյանքի վերջին տարիների նրա միակ ու անդավաճան ուղեկիցը դարձավ մայրը, որն ամեն գնով փորձում էր փրկել որդուն։ Այդ փորձերից մեկն էլ որդուն նվիրած ոսկե մատանին էր` ագաթե քարով, որի վրա «Գիրք գրքոցից» հետևյալ երկտողն էր փորագրված. «Կատարեալ սեր մերժե զերկյուղ»։ Մայրը հավատում էր, որ իր հզոր սերն ի զորու կլինի փրկել որդուն, մինչև որ մի օր սարսափով նկատեց, որ իր նվիրած թալիսման–մատանու քարը ճաքել է։ Մոր կատարյալ սերը փոխվեց մահվան անխուսափելիության հանդեպ երկյուղի։ 1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը Միսաք Մեծարենցը վախճանվեց, նրա շուրթերին անավարտ մնաց «մա՜յր» բառը։

Մեծարենցի մատանու պատմությունը շուրջ 8 տասնամյակ անհայտ էր հայ հետազոտողներին։ 1985 թ.–ին Երևանի Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանը մի փոքրիկ մատանի ու մի ուղեկցող նամակ է ստանում ԱՄՆ–ից, որում Սփյուռքահայության կոմիտեի անդամ Վահան Ղազարյանը հայտնում էր, որ դա Միսաք Մեծարենցի մատանին է, որն իրեն է հանձնել բարեկամուհին` Մեծարենցի եղբոր դուստր Արշալույս Մեծատուրյանը։ Մեծարենցի ագաթե քարով ոսկյա մատանին այսօր էլ ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանի ցուցասրահում։

«Այս հիվանդ, հանճարեղ պատանին». Մեծարենցին բաժին էր հասել կյանքի կարճ ուղի անցնելու ճակատագիր, փոխարենը նրա ստեղծագործություններն իրենց կենսունակությունը չեն կորցնում մինչ օրս ու հավանաբար չեն կորցնի դեռ երկար: Իր մի քանի ժողովածուներով նա կարողացավ ոչ միայն անջնջելի հետք թողնել, այլև մի ամբողջովին նոր փուլ դառնալ հայ պոեզիայում: Մեծարենց անունն առավել բարձր հնչեց պոետի մահվանից ընդամենը 1 տարի առաջ՝ 1907թ.-ին, երբ Պոլսում հրատարակվեցին նրա «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները: Դա հերիք էր, որ Մեծարենցը մնար հայ գրականության պատմության ամենավառ էջերում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։