Աշոտ Աղաբաբյան  «Վերջին անգամ ենք ապրում» 

Աշոտ Աղաբաբյանի «Վերջին անգամ ենք ապրում» վեպը լեգենդար հայորդի, ժամանակին աշխարհի ամենաուժեղ մարդը համարվող ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի բուռն ու դրամատիկ ոդիսականի մասին է: Առաջին անգամ հայ ընթերցողը կտեղեկանա մեր պատմության էջերի նոր բացահայտումներին, Սերգո Համբարձումյան անհատի անհավանական թվացող փոթորկալից կյանքին, որն ուղեկցվել է Աղասի Խանջյանի, Իոսիֆ Ստալինի, Անաստաս Միկոյանի, Լավրենտի Բերիայի, Հայաստանի ՆԳԺԿ պետ Խաչիկ Մուղդուսու հետ կապված բազմաթիվ իրադարձություններով: «Վերջին անգամ ենք ապրում» վեպը հեղինակի վեցերորդ գիրքն է:

Մեջբերումներ գրքից

  • Մարդ պետք է հոգեպես պատրաստ լինի մեծ թռիչքին, որ գլխապտույտ չունենա, հետո առավել պատրաստ լինի, քանի որ գագաթին հասնելուց հետո սկսվում է վայրէջքը, երբեմն գահավիժումը՝ անխուսափելին: Այդ դեպքում էլ չպետք է կորցնել գլուխը:
  • Այն ինչ անխուսափելի է, չպետք է վախենալ, որովհետև միևնույն է՝  կատարվելու է: Ուղղակի չպետք է կորցնել ինքնատիրապետումը և քիչ կորուստներով նահանջել:
  • Կյանքը վերջին անգամ է տրված, պետք է մարդավայել ապրես: Վերջին անգամ ես ապրում այս օրը, վաղը, մյուս օրը: Էլ չի տրվելու, իսկ վերադարձը բացառվում է: Ապրիր Աստծո տված ժամանակդ, վայելիր այն, բայց և վայելիր այնպես, որ վաղը չամաչես:
  • Վիրավորի տառապանքը չի թեթևանում նրանից, որ վերքը բարի նպատակով է հասցվել:
  • Կարոտը քաղցած որբուկի նման տաք-տաք հուշեր է կրակից հանում:
  • Թանկ է ոչ թե այն ինչը շատ փող արժե, այլ այն, ինչը սարսափելի է կորցնել:
  • Մարդ պետք է պայքարի, բարձր նշաձող ունենա, ափի համար չլինի, այլ օվկիանոսի ամենախորքի: Երբեք չես հաղթահարի օվկիանոսի խորխորատները, եթե համարձակություն չունենաս տեսադաշտից կորցնել ափը: Երբեք թույլ չպիտի տաս, որ վախերը կործանեն քո իսկ երազանքները:
  • Վերելքի ճանապարհին շատ մարդկանց ես հանդիպում, փառքի գագաթին հասնելիս մի նեղացրու նրանց, որովհետև դու այդ մարդկանց նորից հանդիպելու ես, երբ բարձունքը հաղթահարելուց հետո սկսվի անխուսափելի անկում-վայրէջքը:
  • Ամբողջ տարին տքնաջան աշխատել է պետք, սովորել, բայց մի ամիսը պարտադիր հանգստանալ է պետք: Վերջին անգամ ենք ապրում, ամեն ինչ իր ժամանակն ու հերթն ունի:
  • Մտածիր՝ նոր որոշում կայացրու, իսկ եթե արդեն որոշում ես կայացրել, էլ մի մտածիր…
  • Աստծուց հետո մենք կնոջն ենք պարտական՝ սկզբում նա մեզ կյանք է պարգևում, հետո այդ կյանքին իմաստ տալիս:
  • Ես Աստված չեմ, որ ներեմ, ոչ էլ քահանա, որ իմ առջև ապաշխարես: Բոլորը մտածում են, թե Աստված մեզ տեսնում է վերևից, բայց իրականում նա մեզ տեսնում է ներսից: Այ, դրանից պետք է զգուշանաս, ինչ էլ անես մարդկանց թիկունքին, մեկ է՝ դու դա անում ես Աստծո աչքի առաջ:

2 thoughts on “Աշոտ Աղաբաբյան  «Վերջին անգամ ենք ապրում» 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։