Հանճարեղ ռեժիսորն ու արվեստագետը՝ Սերգեյ Փարաջանով-98

Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) ծնվել է 1924թ.-ի հունվարի 9-ին Թբիլիսիում (Վրաստան), հայկական ընտանիքում: Նրա ծնողները հնավաճառներ էին, և ապագա ռեժիսորի մոտ վաղուց ձևավորվել էր որոշակի ճաշակ: Փարաջանովը մանկուց գեղապաշտ էր, տարված՝ երաժշտությամբ, պարով, նկարչությամբ: Դրա օրգանական շարունակությունը եղան պոեզիան և բանահյուսությունը, առհասարակ, առասպելաստեղծ ու ծիսական աշխարհայացքը, որ նրա զարմանահրաշ արվեստի առանցքն են:

    1945 թ.-ին ընդունվում է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի՝  ՎԳԻԿ-ի ռեժիսորական բաժին, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ: Ավարտում է 1951-ին: Այս բարձրագույն հաստատությունն էին ավարտում գրեթե բոլոր խորհրդային կինոռեժիսորները: Նա սկսում է աշխատել Կիևի կինոստուդիայում, որը կրում է Ալեքսանդր Դովժենկոյի անունը: Այստեղ նկարված առաջին իսկ՝ «Անդրիեշ» (1954) ֆիլմում, որը ռեժիսորը բեմադրել է Յակով Բազելյանի հետ համատեղ, արդեն երևում է Փարաջանովի բանաստեղծական պատկերային կինոմտածողությունը:

    Փարաջանովին համաշխարհային հռչակ է բերում «Մոռացված նախնիների ստվերները» (1964) կինոնկարը, որը նկարվել է ուկրաինացի գրող Միխայիլ Կոցյուբինսկիի վիպակի հիման վրա (օպերատոր՝ Յուրի Իլիենկո): Այն պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել:

    «Ստվերների» միջազգային ճանաչումից ու մրցանակներից հետո սկսվեցին Փարաջանովի դժվարությունները: Ինչպես ասում են, հաջողությունը չի ներվում: Նրա հաջորդ՝ «Կիևյան որմնանկարներ» (1966) ֆիլմի նկարահանումները կասեցվեցին: Պահպանված 13 րոպե տևողությամբ նյութը մոնտաժվել է Կիևյան կինոստուդիայում:

    1966-ից նա աշխատում է Երևանում: Այստեղ Փարաջանովը նախ՝ վավերագրական, քրոնիկալ և գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիայում նկարահանում է «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը: Այն նվիրված է 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, որը միջնադարից սերող հայկական հայտնի նկարչական տոհմի ամենանշանավոր ներկայացուցիչն է:

    1968 թ-ին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում Փարաջանովը ձեռնամուխ է լինում միջնադարյան հայ պոետ, աշուղ Սայաթ-Նովային (որը ստեղծագործել է երեք լեզվով՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն) նվիրված «Նռան գույնը» ֆիլմի ստեղծմանը: Սուրեն Հասմիկյանի վկայությամբ, սկզբում Փարաջանովը ցանկանում էր ֆիլմն անվանել՝ «Աշխարհումս»: Ֆելինին նրա մասին ասել է․ «Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմով մի քանի տասնամյակ առաջ մղեց կինոն»։ Երբ նա վախճանվեց, Երևան ուղարկվեց մի հուզիչ հեռագիր․ «Կինոյի աշխարհը մի հրաշագործ կորցրեց: Փարաջանովի երևակայությունը հավերժ կդյութի և ուրախություն կպարգևի աշխարհի ժողովուրդներին»: Հեռագիրը հղված էր Ֆեդերիկո Ֆելինիի, Տոնինո Գուերայի, Ջուլյետա Մազինայի, Ալբերտո Մորավիայի, Մարչելո Մաստրոյանիի և Բեռնարդո Բերտոլուչիի կողմից։

    1974-ին  Փարաջանովը «Հայֆիլմում» սկսել էր մեծ հեքիաթագիր Անդերսենին նվիրված «Հրաշք Օդենսում» ֆիլմի աշխատանքները: Հենց այդ ժամանակ Փարաջանովը Կիևի մարզի (Ուկրաինա) դատարանի որոշմամբ ձերբակալվում և դատապարտվում է հինգ տարվա ազատազրկման՝ մեղադրվելով արվամոլության մեջ: Միջազգային հանրությունը տարբեր ուղիներով փորձում էր օգնել ռեժիսորին: Չորս ծանրագույն տարի բանտում անցկացրած Փարաջանովին ազատ արձակեցին միայն այն բանից հետո, երբ Խորհրդային Միություն այցելած ֆրանսիացի գրող Լուի Արագոնն անձամբ խնդրեց Բրեժնևին և ենթակաները նրան տեղեկացրին, որ վերջինս կինոռեժիսոր է: 

    Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ.-ին նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցը» լեգենդը (1984), (1988), որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն են։

    Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով: Վերջին գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։ Փարաջանովը մահացել է քաղցկեղից`1990 թվականի հուլիսին Երևանում: Մեծ ռեժիսորը կարող էր հուղարկավորվել, թե՛ իր ծննդավայր Թիֆլիսում, թե՛ իրեն գրկաբաց ընդունած Ուկրաինայում, որտեղ նա ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը, «Մոռացված նախնիների ստվերները», որը նրան դարձրեց աշխարհահռչակ, և թե՛ անգամ եվրոպական ցանկացած քաղաքում, որտեղ խենթանում էին նրա արվեստից, սակայն Փարաջանովը ընտրեց իր հարազատ երկիրը, որտեղ, ավաղ նա տեսել էր թե՛ փառք, և թե՛ հալածանք, ու գնաց միանալու Կոմիտասին և մեր մյուս Մեծերին…

«Եթե Ձեր կյանքը նորից սկսվեր, նորից կդառնայի՞ք ռեժիսոր» հարցին Սերգեյ Փարաջանովը պատասխանել է. -Ռեժիսոր չեն դառնում, ռեժիսոր ծնվում են, ընդ որում ծնվում են աշխարհ գալուց ինն ամիս առաջ: «Նա հավատում էր գեղեցիկին, իսկ գեղեցիկը նրա համար Աստված էր»:

Փարաջանովի առաջին սերը՝ Նիգյարը

Կինոինստիտուտում նա ծանոթանում է իր առաջին սիրո՝ իր ապագա կնոջ հետ։ Գեղեցկուհի Նիգյարն ազգությամբ թաթար էր։ Փարաջանովը նրան պատահաբար տեսնում է հանրախանութում և առաջին հայացքից սիրահարվում է։ Մի քանի ամիս անց նրանք ամուսնանում են։ Աղջկա ազգականները, իմանալով ամուսնության մասին, Փարաջանովից մեծ փրկագին են պահանջում՝ ըստ իրենց ազգային ավանդույթի։ Փարաջանովը չէր կարող վճարել այդ գումարը, և աղջկա եղբայրները որոշում են, որ վերջինս պիտի լքի աղքատ ամուսնուն։ Աղջիկը հրաժարվում է դիմել այդ քայլին, և տեղի է ունենում ողբերգություն․ Նիգյարի եղբայրները նրան նետում են գնացքի տակ։ 1955թ֊ին Սերգեյ Փարաջանովը, ով չէր կարողանում համակերպվել կորստի հետ, Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանում է «Անդրիեշ» ֆիլմն՝ ի հիշատակ կնոջ։

Փարաջանովի երկրորդ կինը՝ Սվետլանա Շչերբատյուկը

Տեղափոխվելով Կիև՝ Փարաջանովը ծանոթանում է շիկահեր գեղեցկուհի Սվետլանա Շչերբատյուկի հետ, ով դառնում է նրա երկրորդ կինը։ Փարաջանովը անսահման սիրում էր այդ ամուսնությունից ծնված իր որդուն՝ Սուրենին։ Այդուհանդերձ, նրանց երջանկությունը երկարատև չեղավ, որովհետև Սվետլանան չէր կարողանում համակերպվել ամուսնու տարօրինակ ապրելակերպի հետ։ Վերցնելով որդուն՝ Սվետլանան հեռանում է, սակայն հետագայում նախկին ամուսինները ողջ կյանքի ընթացքում պահպանում են ջերմ ընկերական հարաբերությունները։

Փարաջանովյան մտքեր`

• Նախանձեցի գեղեցիկներինդարձա հրաշագեղ, նախանձեցի տաղանդավորներին հանճարեղ դարձա:

• Ամենասարսափելին հիասքանչին անուն կպցնելն է:

• Մարդը պարտավոր է և պետք է ապրի տառապանքի երջանկությունը, այլ կերպ նա մարդ չի կարող լինել:

• Ես չունեմ ո՛չ պաշտոնական գիտելիքներ, և ո՛չ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին:

• Ես այլախոհ չեմ, պարզապես անիծված ռեժիսոր եմ: Ինձ դա դուր չի գալիս: Ես անհանգիստ եմ:

• Պետք էր անել ամեն ինչ՝ չկորցնելու համար կյանքիս 15 տարիները: Ես կարող էի ինչ-որ կերպ անմահության հասնել, բայց լավագույնը, ինչ կարելի էր ստեղծել այս աշխարհում, իմ երեք դատավճիռներն են:

• Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով:

• Ես հայ եմ, ապրում եմ Թիֆլիսում, մեղադրվում եմ ուկրաինական նացիոնալիզմի մեջ:Ուր էլ, որ լինեմ, լավ ֆիլմեր եմ նկարում, եթե անգամ ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարեմ աֆրիկյան լավ ֆիլմեր:

• Ես խելագար ծերուկ եմ, որը ծաղիկներ է նկարում

• Մենք մեր սիրո համար ապաստան էինք փնտրում, իսկ ճանապարհը մեզ դուրս բերեց մեռյալների աշխարհ:

• Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, քիչ արել, բայց անչափ շատ սիրել:

• Լիաթոք ուրախացեք, ինչպես ես եմ արել: Հիշելու բան ես ունենում: Այլապես և քեզ կխղճաս, և կյանքդ: Ի՞նչ կյանք է, եթե սկզբունք ու քմահաճություններ չկան:

• Իմ մեղքը երևի այն է, որ ծնվել եմ:

Ես ծաղիկներ նկարող խելագար ծերունի եմ։ Ես պրոֆեսիոնալ չեմ և արգելում եմ քննադատներին համարել ինձ պրոֆեսիոնալ նկարիչ։ Ես արվեստասեր եմ ու ռեժիսոր։ Եվ դուք ներկա եք իմ արվեստանոցում, որ ընթանում է այս ֆիլմերի ստեղծման պրոցեսը, որոնց դիմաց ես ստանում եմ… Ընդհանուր հաշվով ստացել եմ 60 ոսկե մեդալ։ Ինչի՞ համար եմ ստացել դրանք։ Ճաշակիս համար, այն բանի համար, որ կարողանում եմ պլաստիկա արտահայտել։ Ոչ մի հրաշք էլ չկա։ Ես փնտրում եմ դա, բնության մեջ է դա։ Այդ բնությունն է օգնում ինձ, որ վերցնեմ, վավերացնեմ, ստեղծեմ պլաստիկա և խոնարհվեմ դրա առջև․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։