Գրադարանավարի օրը Սյունիքի մարզային գրադարանում

Սպասարկման բաժին. Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում «Աշնանային պոեզիան գրադարանում» խորագրի ներքո նշվեց գրադարանավարի օրը: Սպասարկման բաժնում հավաքվել էին մարզկենտրոնի ստեղծագործողներ, գրքասերներ: Բաժնի գրադարանավարուհի Հասմիկ Թորոսյանը ներկայացրեց օրվա խորհուրդը՝ ևս մի անգամ կարևորելով ընթերցանության դերը, մանավանդ, մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում: «Աշնան երգը» ռոմանսը (խոսք՝ Հովհաննես Թումանյանի, երաժշտությունը՝ Ռոմանոս Մելիքյանի) կատարեց Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի մանկավարժ Թերեզա Հովհաննիսյանը: Այնուհետև իրենց ստեղծագործությունները ընթերցեցին Մարի Առաքելյանը, Նինա Դանիելյանը, Գոհար Գևորգյանը, Վարդուհի Թադևոսյանը, Արթուր Պատվականյանը և ուրիշներ:

Միջոցառման ժամանակ հնչեցին աշնան նվիրված բանաստեղծություններ. Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի դերասան Արթուր Գաբրիելյանը ասմունքեց Համո Սահյանի բանաստեղծություններից:

«Գրքերի աշխարհը հրաշք է, մտնում ես այդ աշխարհը և չես կարողանում այլևս դուրս գալ»-այսպես ձևակերպեցին օրվա խորհուրդը  միջոցառման մասնակիցները: Գրադարանավարի օրվան նվիրված ցերեկույթներ տեղի ունեցան  նաև մարզային գրադարանի մանկական և արվեստի բաժիններում:

Մանկական բաժին. «Գրքերի լույս աշխարհում, գրքերի վեհ տաճարում…» խորագրի ներքո տեղի ունեցավ միջոցառում` նվիրված գրադարանավարի մասնագիտական օրվան։ Մեծարման խոսքով հանդես եկան տարբեր տարիքային խմբի ակտիվ ընթերցողներ, ովքեր իրենց տոնական ելույթներով ևս մեկ անգամ արժևորեցին գրքի և գրադարանավարի դերը առողջ հասարակություն ձևավորելու գործում։Գրադարանավարներին տեսաողջույնով շնորհավորեցին աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հավատարիմ ընթերցողները, ցուցադրվեց «Գրադարանավար` մեկ օրով» ֆիլմը` ընթերցողների մասնակցությամբ։

Արվեստի բաժին. Արվեստի բաժնում տեղի ունեցավ հանդիպում Կապանի Արվեստի պետական քոլեջի երկարամյա գրադարանավարուհի Արաքսյա Վարդանյանի հետ: Գրադարանի աշխատակիցները ներկայացրեցին գրադարանավարուհու աշխատանքային գործունեությունը և խոսեցին ձեռքբերումների մասին: Իրենց ողջույնի խոքով հանդես եկան Արվեստի քոլեջի ուսանողներ՝ Գոռ Ավետիսյանը (վոկալ, նվագակցող՝ Գոհար Հովհաննիսյան), Մհեր Ամիրջանյանը (շվի), Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտուհի Նարինե Թևատրոսյանը: Սյունիքի մարզային գրադարանի բարեկամ, Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երաժիշտ-մանկավարժ, երգչուհի Թերեզա Հովհաննիսյանը նախ՝ շնորհավորեց գրադարանի աշխատակիցներին գրադարանավարի օրվա կապակցությամբ, այնուհետև իր գեղեցիկ կատարումով հիացրեց ներկաներին: Բոլոր միջոցառումներն անցան ջերմ և մտերմիկ մթնոլորտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։