Դավիթ Սամվելյան «Զգուշացեք դռները չեն փակվում»

Աշխարհում տիրող իրավիճակը ոգեշնչել է ժամանակակից գրող, պահանջված հեղինակ Դավիթ Սամվելյանին՝ գրելու նոր վիպակ: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել «Զգուշացեք, դռները չեն փակվում» ստեղծագործությունը, որը, գրողի բնորոշմամբ, պատմություն է՝ սիրո և վարակի ու սիրով վարակված լինելու մասին: 

Վիպակն, ըստ էության, իր մեջ բազում խորհրդաշական տարրեր է պարունակում: Նախ, բաղկացած է 19 գլխից, ինչը վիրուսի անվանման՝ COVID-19-ի հետ է կապված: Գլուխներից միայն վերջինը չունի վերնագիր է, բայց բոլոր հարցերի պատասխաններն ընթերցողը կգտնի հենց այդ գլխում: 

Վիպակում հեղինակը ներկայացրել է տարբեր ազգերի ազգային առանձնահատկությունները, ժամանակակից աշխարհի իրավիճակը, դրական ու բացասական կողմերը: Ընթերցողը կգտնի իտալական, հայկական, չինական միջավայրերի նկարագրություններ:

«Վիպակում գործողությունների ծավալման ողջ ընթացքում հանգուցալուծման բանալիներն առկա են, ընթերցողը պետք է պարզապես ուշադիր լինի վերջաբանը գուշակելու համար: Գիրքը վերջանում է պորտուգալացի գրող Ժոզե Սարամագոյից մեջբերումով: Այն հասկանալու համար ընթերցողը կա՛մ պետք է պորտուգալերեն իմանա, կա՛մ թարգմանի նախադասությունը»,-նշում է Դավիթ Սամվելյանը:

Մեջբերումներ գրքից

► Միգուցե հենց պետք է մառախուղ լիներ, որպեսզի իրարից չտարբերվեին գիշերն ու ցերեկը, որպեսզի հեռավորության սահմանները վերանային: Բայց դե ինչպես Ունամունոն էր պնդում, պետք էր նկատել սերը մառախուղի մեջ…
Հեռացողների ու հրաժեշտ տվողների սերը մառախուղի մեջ: Ամենադժվարը հեռանալիս սիրելն է: Շարունակել սիրելը: Սկսելը հեշտ է…

► Ամենազարհուրելին ամենահարազատ մարդկանցից լսվող լռությունն է…

Լռություն… Ցասում… Անկում… Հրաժեշտ… Կարոտ… Ապարդյուն կարոտ… Քայքայող… Բթացնող… Անտարբերությամբ… Անգոյություն…

 ►Համբուրում եմ՝ առանց վարակվելու վախի. ես վաղուց արդեն վարակված եմ քո սիրով։

► Ասում են՝ միայն բարևեք, այն էլ մեկուկես մետր հեռավորությունից։
Բայց ես գրկում եմ քեզ՝ ավելի պինդ ,քան օդանավակայանում հրաժեշտ տալիս։

► Հանդիպել նորից, նայել իրար ու ժպտալ, ուղղակի թափառել փողոցներում, և կապ չունի՝ Մոսկվայի, Միլանի, թե Երևանի… Հարկավոր էր վերականգնել կորցրած ժամանակը։
Մարդիկ կան, որ մեզնից գողանում են մեր ժամանակը, մարդիկ էլ կան, որոնց միջոցով մեզ է վերադառնում մեր կորցրածը, իսկ մենք սկսել էինք կարոտել ամենահասարակ, առաջին անհրաժեշտության երևույթները։

► Հոգի՜ն, հոգին է պետք սիրել, դա են մեզ սովորեցնում բոլոր կրոնները, կյանքի՝ տառապած ու հիասթափված փիլիսոփաները։ Մոդիլիանին իր սիրեցյալին ասում էր, որ կնկարի նրա աչքերն այն ժամանակ, երբ կճանաչի նրա հոգին, մինչդեռ ես ուզում էի Սեսիլի փակ աչքերը համբուրելով սողոսկել նրա հոգին, որովհետև ես նկարիչ չեմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։