Ո՞վ էր Մարտիրոս Սարյանի մուսան…

Փետրվարի 28-ը հանճարեղ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է ։ Մարտիրոս Սարյանը համարվում է հայ ժամանակակից գեղանկարչության դպրոցի հիմնադիրը: Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։ Նրա համար չեն եղել կարևոր ու երկրորդական ժանրեր։ Գեղարվեստական որակը նկարչի համար դարձել է հիմնանպատակ։

Ո՞ վ էր Սարյանի մուսան

Հին Թիֆլիսի սրճարաններից մեկում, որտեղ հավաքվում էր հայկական մտավորականությունն ու քննարկում ազգափրկության հարցեր, մի օր Մարտիրոս Սարյանը հանդիպում է նրան, ով պետք է դառնար նկարչի մուսան ու կիսեր նրա ճակատագիրը: Նա Ղազարոս Աղայանի դուստրն էր` Լուսիկ Աղայանը: Աղջկան սիրահարվեց առաջին հայացքից։ Նա Սարյանի համար դարձավ կանացի կատարյալ գեղեցկության մարմնացում: Նկարիչների շարքում Սարյանը միամուսնության բացառիկ օրինակ է: Իր կնոջը նա նկարում էր ողջ կյանքի ընթացքում` առաջին կտավներում երիտասարդ Լուսիկն է, հետո արդեն սիրելի կինն առօրյա կյանքում է։ Նա նկարում էր Լուսիկին քնած, գիրք կարդալիս, տան գործերն անելիս, հեռախոսով զրուցելիս, նույնիսկ լվացք անելիս: Նա հիանում էր կնոջ գեղեցկությամբ, պաշտում նրան ու գնահատում մինչև մահ: Փարիզից նա կնոջը գրում էր. «Դու հերոս ես, ուրիշ կին չէր կարողանա իր ուսերի վրա տանել պատասխանատվությունը երեխաների համար, ու նաև ամուսնուն երկար ժամանակով Փարիզ թողնել` անգամ իմանալով, թե որքան կարևոր է դա նրա կարիերայի համար»:

Մարտիրոս Սարյանն ասել է . . .

  • Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ:
  • Ստեղծագործական ոգևորությունը աշխատանքի ընթացքում է առաջանում ճիշտ այնպես, ինչպես և հուսահատությունը։
  • Վարպետության բարձունքներին հասնելու համար պետք էզարգացնել միտքը, հասու լինել մարդկային մշակույթին: Եվ, գլխավորը, միշտ քաղաքացի լինել: Միշտ հիշել, որ արվեստագետի կյանքն անբաժան է ժամանակից, իր ժողովրդի կյանքից:
  • Մարդուն ծնում է իր ժամանակը։ Դա ճի՛շտ է, ուրիշ կերպ չի լինում։ Բայց ծնվում են մարդիկ, իհարկե շատ հազվադեպ, որոնք շատ ավելի մեծ են քան իրենց ժամանակը։
  • Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։
  • Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կհնչի նրա արվեստը:

ՄԵԾԵՐԸ ՍԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի լույսը մեզ է հասնում Մարտիրոս Սարյանի շնորհիվ… Ուրախալի լույս, որը լուսավորում է մարդկանց, լեռները..պտուղները — այն գանձ է՝ կրկին հայտնաբերված …Նրա գույներն այնքան գեղեցիկ են,որ մեր Մատիսի ու Սեզանի կողքին դարաշրջանը պիտի առաջնակարգ տեղ հատկացնի Մարտիրոս Սարյանի համար …»Լուի Արագոն

Սարյանը գիտակցաբար և խոր հասկացությամբ մոտեցավ արվեստին։ Տարիների համառ աշխատանքի օգնությամբ նա սովորեց Հայաստանի և Հարավի գույները, և գծերկ, և հատկապես մեր նախնիների անգին ժառանգությունը… ահա այս փաստերով նա ստեղծեց իր արվեստը՝ ամբողջությամբ ազգային։ Ավետիք Իսահակյան

Սարյանն այն մարդն էր, ով հրաշք էր համարում այն, ինչ շատերս անգամ չենք էլ նկատում՝ գույնը։ «Ես երազում եմ գույնի մասին, գույնը իսկական հրաշք է», ասում էր Սարյանը։ «Իսկ արևի լույսի տակ գույնը ցույց է տալիս մեր տեսածի հոգին և տիեզերական գոյության էությունը»։

2 thoughts on “Ո՞վ էր Մարտիրոս Սարյանի մուսան…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։