Նորարար գրադարաններ-2019

 2019թ.-ի սեպտեմբերի 23-25-ը Ծաղկաձորում մեկնարկեց Նորարար գրադարանների աշխատաժողովը, որին մասնակցեցին մարզային և մայրաքաղաքի գրադարանների ավելի քան երեք տասնյակ աշխատակից։
Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով ներկայացան գրադարանային ոլորտում ճանաչում ունեցող մասնագետներ, հանրային կապերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` ովքեր ներկայացրին  նորարար գաղափարներ  և  լուծումներ,  որոնք  կիրառվում են աշխարհի գրադարաններում եւ պրակտիկ խորհուրդներով օգնեցին  տեղայնացնել հայաստանյան գրադարաններում։
«Սույն աշխատաժողովը գրադարան կոչվող մեր նավի արդեն իսկ բացված առագաստներին ևս մեկն ավելացնելու փորձ է» — խոսքերով ԱՄՆ դեսպանության ամերիկյան կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը բացեց «Նորարար գրադարաններ 2019» աշխատաժողովը, հավելելով որ ժամանակակից գրադարանի ստեղծման հիմքը ստեղծարար, ստեղծագործ գրադարանավարն է: Ներկայացնելով իրենց գրադարանները, աշխատաժողովի մասնակիցները ծանոթացան Հայաստանի գիտատեղեկատվական հանգույցի ձեռքբերումներին և խնդիրներին, որոնց մասին իր զեկույցում խոսեց ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի ղեկավար Տիգրան Զարգարյանը: Ներկայացվեց «Համահավաք թվային գրադարան» շտեմարանը: «Digital Humanities» թեման ներկայացրեց Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագիտության թվանշանային գրադարան»-ի համահիմնադիր Հովհաննես Կիզողյանը: Վեբ տեխնոլոգիաներին անդրադարձավ Լոռու մարզային գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, իսկ Google-ի ամպային տեխնոլոգիաների գործիքները գրադարանային աշխատանքներում ներդրելու շուրջ զեկույցով հանդես եկավ ԱՄՆ դեսպանության ծրագրային մասնագետ Ավետիկ Պետրոսյանը: Ավետիկ Պետրոսյանը հանգամանորեն ներկայացրեց  «Alexa»-ին, որը լինելով Amazon-ի արհեստական բանականության օգնականը, կարող է իր մեծ ներդրումն ունենալ նաև նոր՝ սմարթ գրադարանի ստեղծման գործում, եթե այն ներբեռնենք էլեկտրոնային գրքերով, աուդիոգրքերով: Սարքը հնարավորություն կստեղծի նաև ունկնդրելու օրվա թարմ լուրերը օտարալեզու մամուլից, կատարելու թարգմանություններ մի շարք լեզուներից, մնում է միայն ասել. «Ալեքսա կատարի՛ր»: Ամազոնի այս նորագույն սարքը «Նորարար գրադարաններ»ի աշխատաժողովի երկրորդ օրվա ամենահետաքրքիր նորույթներից էր, որը հեռանկարներ է կանխորոշում գրադարանային գործում:«Լապտերների կղզու բնակիչներն են գրադարանավարները (Ռաբլեի հերոսներ), ովքեր ուղղորդում են խմելու՝ իմաստնության աղբյուրներից», — իր խոսքում նշեց քաղաքագետ, հանրային կապերի մասնագետ Անուշ Սեդրակյանը՝ դիմելով «Նորարար գրադարաններ» աշխատաժողովի մասնակիցներին և հավելելով, որ պրոակտիվ գրադարանը պետք է պտտվի “everything you can imagine» շրջանակներում: «Լուսանկարչության հիմունքներ», Զեկ.` «Ազատություն» ռադիոկայանի մուլտիմեդիա խմբագիր Արթուր Պապյանը ասում է. «Պետք է հասկանալ, թե որտեղ են մեր ընթերցողները»:Աշխատաժողովի ամփոփիչ օրը գրադարանավարներին հանդիպեց և նրանց խնդիրներին ունկնդիր եղավ ԱՄՆ հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Լիա Միլլերը: Տեղի ունեցան քննարկումներ, լուսաբանվեցին լուծման առավել արդյունավետ ուղիներ, որոնցից մեկն էլ կարող է դառնալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի խորհուրդը՝ գրադարանները հասարակական կազմակերպությունների հետ կամրջելու առումով: «Վիքին սիրում է գրադարանները» կարգախոսով էլ Վիքիակումբների համակարգող Արմեն Միրզոյանը ներկայացրեց վիքիդարանի և վիքիքաղվածքի խմբագրելի դաշտերի՝ գրադարանային մասնագետների միջամտությամբ արդյունավետ լրացնելու և խմբագրելու նրբությունները, ինչի մասնակիցը կարող են դառնալ նաև ընթերցողները:

Սույն աշխատաժողովը ևս մեկ անգամ փաստեց` նորարար գրադարանավար, ասել է թե` ընթերցող ու լուսաբանող, ստեղծագործ անհատ ու դերասան, ռեժիսոր ու օպերատոր, մեկնաբան ու մենեջեր, մարքեթոլոգ ու որոնողական համակարգի պատասխանատու, խմբագիր ու սրբագրիչ, նկարիչ ու դիզայներ… այլ կերպ ասած` ունիվերսալ մասնագետ, ով ձեռնամուխ լինելով գրադարանային գործի ավտոմատացմանը, թվայնացմանը, աուդիոգրքերի ստեղծմանը, ստեղծագործությունների բեմականացմանը, գրականության գովազդմանն ու տարածմանը, ինֆորմացիայի դասակարգմանը, աղբյուրագիտական գործին, թանգարանագիտությանը, այդ ամենի` ավանդական և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցմանը, փորձում է լուծել մի խնդիր` տեղեկացված հասարակություն ունենալու խնդիրը և գրադարանը «everything you can imagine” անսահմանության մեջ պահելու խնդիրը:#Նորարար_գրադարաններ_2019
#Innovative_Libraries_2019


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով