Սամվելյան Դավիթ «Ռոդենի ձմեռը»

«Ռոդենի ձմեռը» Դավիթ Սամվելյանի չորրորդ գիրքն է «Լուսե Երազ», «Նա և նրա», «Արտագաղթած կարոտ» ժողովածուներից հետո: Գիրքը ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում: Գրքում միշտ ներկա են Երևանը, սերն ու դավաճանությունն իրար հանդեպ, քաղաքի հանդեպ և հենց սկզբունքներին ու ճշմարտություններին: Ամբողջ ընթացքում կարմիր թելի պես ձգվում է հավատքի ու կրոնական ապրումների, բարոյականության ու ընդունված «ճիշտ» բարքերի վերլուծությունն ու երբեմն՝ դրանց դրսևորման քննադատությունը:

Գրականությունն ուղերձ է մարդուն: Հաջողված է այն գիրը, որ երկխոսության մեջ է մտնում հոգու հետ… Հոգու զրույց է գրականությունը՝ բառերով շապկված…«Ռոդենի ձմեռը» պատումների ժողովածուն իր աղեղն  ունի և գնում է դեպի նպատակակետ՝ իր ռիթմով… Սա մի ժամանակի ամփոփ նկարագիր է, որ ապրեցինք շատերս, որ մեր  մեջ ունի կնքված բնորոշում՝ «մութ ու ցուրտ տարիներ», լույսի և ջերմության բացակայության տարիներ: Տարիներ, որ մեզնից շատ բան տարան, բայց և շատ բան տվեցին: Այդ տվածի ու տարածի մասին  են այս  պատմությունները: Տարբեր ու նման ճակատագրեր, դժբախտ ու երջանիկ՝ իրենց զգացողություններով, հատված մեկ ընդհանուր խաչմերուկում: Ժողովածուն մի շղթա է, որտեղ ամեն օղակ «ապրում է» առանձին, ինքն իրենով, սակայն մասնիկն է ձգվող ամբողջականության: Յուրաքանչյուր պատում իր մեջ ունի իր նախորդից և նախապատրաստող ենթատեքստ՝ հաջորդի համար: Հերոսներն, ասես, մեկ ընտանիքից են…Սա, թերևս, ժամանակի կնիքն է, որ դաջվեց միանգամից, հանկարծ, ինչպես հանկարծ  եկան այդ տարիները, այդ ցուրտը, այդ մութը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով