«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում միջոցառում՝ նվիրված Հովհաննես Շիրազի ծննդյան 105-ամյակին

Ապրիլի 27-ին լրանում է հայ քնարերգության ինքնատիպ դեմքերից մեկի՝ Հովհաննես Շիրազի ծննդյան 105-ամյակը: «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում «Խենթ Օնիկից՝ մայրապաշտ Շիրազ» խորագրի ներքո տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ: Միջոցառման կազմակերպիչ,մարզային գրադարանի աշխատակից, Քրիստինե Վեզիրյանը նախ անդրադարձավ բանաստեղծի անուրախ մանկությունը, երբ վեց տարեկանում զրկվելով հորից, ընկավ որբանոց և մորն օգնելու համար ստիպված էր թողնել որբանոցը։
Ներկայացվեցին հետաքրքրական դրվագներ Շիրազի խենթուխելառ մանկությունից և պատանեկությունից, որբին հատուկ ծանր դժվարություններին առճակատվելուց և փառքով հաղթահարելուց: Մասնավորապես, երբ պատանի Հովհաննեսը շուկայում որբ տղաների հետ ջուր էր ծախում խոստովանել է, որ այդ գործի մեջ էլ էր անբախտ ու ձախողակ։ Այնուհետև անդրադարձ եղավ բանաստեղծի մայրական թեմային, «Հուշարձան մայրիկիս» գրքին, հնչեցին բանաստեղծություններ և երգեր` Շիրազի բանաստեղծությունների տեքստերի հիման վրա։ Շիրազի քնարերգության լավագույն էջերը մորն են նվիրված, որին էլ անդրադարձան միջոցառման ժամանակ, սակայն Շիրազը չի գրել միայն մայրական թեմայով: Նրա սիրերգության մեջ տեղ են գտել սիրահարի գրեթե բոլոր հոգեվիճակները, հայրենասիրական պոեզիայում՝ հայ ժողովրդի պատմական անցյալն է, Հայաստանի վերածնունդը, սփյուռքահայության ճակատագիրը, հայոց լեզվի պաշտամունքը:

Սպասարկման բաժնի մի անկյունում ցուցահանդես էր բացվել «Շիրազն անզուգական մայրերգակ» խորագրով։ Ցերեկույթի մասնակիցներն էին
« Մշակութային նախաձեռնություններ» ՀԿ նախագահ Թերեզա Գալստյանը
և նրա թիմակիցները, ովքեր սովորում են Կապանի N2 ավագ դպրոցի 11-րդ դասարանում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ՝ Անուշ Սիմոնյանը և նույն բաժնի աշխատակիցներ, Կապանի թիվ 7 ՆՈՒՀ-ի վարիչ Ռուզաննա Հարությունյանը և դաստիարակներ, ուսուցիչներ, լրագրողներ, աշակերտներ և գրադարանավարներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով